Եթե Վենետիկյան հանձանժողովը հաստատի եւ ընդունի «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրինագիծը, ապա հայ դասականների շատ ստեղծագործություններ կկրճատվեն դպրոցական ծրագրից, քանի որ այդ ստեղծագործություններում պայմանականորեն առկա է կրոնական անհանդուրժողականության քարոզչություն: Այդ մասին սեպտեմբերի 6-ին կայացած ասուլիսում հայտնել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը` նշելով օրինագծի այն կետերը, որոնց հանդեպ Վենետիկյան հանձանաժողովը կարող է դժգոհություն արտահայտել:
Դանիելյանի խոսքով, գործընթացն արդեն սկսվել է եւ դպրոցական ծրագրերից կրճատվել են մի շարք ստեղծագործություններ:
Ինչ վերաբերում է «Հայոց պատմությանը», ապա դասագրքերից հանվել են այն մասերը, որոնք վերաբերում են պավլիկյան եւ թոնդրակյան շարժումներին: «Հայ եկեղեցու պատմության» դասագրքում կան հատվածներ, որտեղ կոպիտ ձեւակերպումներ են տրված թոնդրակյանների շարժման վերաբերյալ: Գրքում բացակայում է հանդուրժողականությունն այդ իրադարձությունների հանդեպ, դա ուղղակի ծիծաղելի է»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ Դանիելյանը չկարողացավ որպես օրինակ նշել մեկ այլ երկրի անուն, որը կրճատել կամ դպրոցական ծրագրից հանել է դասականների ստեղծագործությունները, որոնք տարածել են կրոնական անհանդուրժողականություն: Նա նշել է, որ տվյալ դեպքում խոսքը Հովհաննես Թումանյանի, Րաֆֆիի եւ պատմաբան Լեոյի աշխատությունների մասին է:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանն արձագանքել է դրան` կատակելով. «Մենք նրանց բոլորին (խմբ.-դասականներին) կգնդակահարենք»:
«Մենք ծանոթ ենք Րաֆֆիի ու Թումանյանի ստեղծագործություններին, որտեղ նրանք քննադատության են ենթարկում Հայ առաքելական եկեղեցուն: Բայց մենք նրանց հետապնդման չենք ենթարկել, չենք անիծել, չենք վառել եւ նրանց դեմ թշնամանք չենք սերմանել, չենք արեգելել ժողովրդին կարդալ նրանց ստեղծագործությունները: Մենք ներել ենք նրանց»,-հավաստիացրել է եպիսկոպոսը:




























