«Կրոնի եւ խղճի ազատության մասին» գոյություն ունեցող երեք օրինագծերից վերջինում առաջընթաց կա, օրինագիծը մի քանի կետերով համաձայնեցված է Հայաստանի Սահմանադրության հետ, սակայն Վենետիկի հանձնաժողովը օրինագծի մի քանի կետերի առնչությամբ պահանջներ կունենա։ Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հանուն ժողովրդավարության համագործակցության կենտրոն» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը։

Նրա կարծիքով, հոգեորսության մասին ձեւակերպումը կարող է առաջացնել Վենետիկի հանձնաժողովի դժգոհությունը։ «Դժգոհության պատճառ կարող է ծառայել ձեւակերպումը, որ բացի մարդու վրա ֆիզիկական ազդեցությունից, որի արդյունքում նա կարող է կրոնափոխ լինել, օրինագծում նշվում է հոգեբանական բռնության կիրառությունը»:

Ասուլիսին ներկա, Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանի կարծիքով, հոգեորսության մասին ձեւակերպումը պարզ է, եւ ձեւակերպման առնչությամբ դժգոհություն արտահայտում են միայն նրանք, ովքեր ուզում են «ջուր պղտորել»։ «Հոգեորսությունն այն է, երբ ես փորձում եմ ինչ-որ մեկին համոզել իմ հավատքի ճշմարտացիության մեջ՝ առանց նրա համաձայնության։ Եթե ես, օրինակի համար, մտնեմ եզդիական համայնք եւ սկսեմ քարոզել՝ օգտագործելով հասարակության մեջ ունեցած իմ դիրքը, դա հոգեորսություն կլինի։ «Հոգեորսություն» ձեւակերպման հանդեպ վրդովմունք արտահայտում են կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հարց է ծագում՝ եթե նրանք հոգեորսությամբ չեն զբաղվում, ինչո՞ւ են այդքան անհանգստացած այդ ձեւակերպմամբ»։