ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ գործարար Վլադիմիր Պոտանինի, ինչպես նաեւ նրա կնոջ, երեխաների նկատմամբ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նրան պատկանող զբոսանավերը եւ ներդրումային «Ինտեռռոս» հոլդինգը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

61-ամյա Պոտանինը «Նորնիկել»-ի խոշորագույն բաժնետերն է։ Ընկերությունը նույնպես հայտնվել է պատժամիջոցների տակ։ «Ինտեռռոս»-ին է պատկանում «Նորնիկել»-ի բաժնետոմսերի 36 տոկոսը։

«Նորնիկել»-ը պալադիումի եւ ռաֆինացված նիկելի աշխարհում խոշորագույն արտադրողներից է։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաեւ «Ռոսբանկ»-ի, ինչպես նաեւ ռուսական ՎՏԲ-ի 17 դուստր ընկերությունների դեմ, որն այս տարի ավելի վաղ հայտնվել էր Վաշինգտոնի պատժամիջոցային ցուցակում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել նաեւ ՌԺԴ պետական ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամների, կառավարության անդամների, Մոսկվայի շրջանի նահանգապետի, վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել «Ուկրաինայում Ռուսաստանի կողմից նշանակված վստահված յոթ անձանց» նկատմամբ։