Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահները հետաքննում են հյուսիսային լարված շրջանում հրաձգության միջադեպը՝ կոչ անելով հանգստության այն բանից հետո, երբ Սերբիան իր բանակի հրամանատարին սահմանային շրջան է ուղարկել, հաղորդում է AP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Կոսովոյի հյուսիսում գտնվող Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում բարիկադներ են տեղադրել ճանապարհներին:

KFOR առաքելության խաղաղապահները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել իրենց պարեկներից մեկի մոտ՝ անհայտ անձանց մասնակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ ոչ ոք չի տուժել, եւ «մենք աշխատում ենք բոլոր փաստերը պարզելու ուղղությամբ»:

«Բոլոր մասնակիցներին կարեւոր է խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է լարվածություն առաջացնել եւ սրել իրավիճակը»,- ասվում է KFOR-ի հայտարարության մեջ: «Մենք ակնկալում ենք, որ բոլոր դերակատարները զերծ կմնան ուժի սադրիչ դրսեւորումներից եւ կփնտրեն լավագույն լուծումը՝ բոլոր համայնքների անվտանգությունն ապահովելու համար»: