Թուրքիան Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ կապված Փարիզում քրդերի ցույցերի հետ՝ անցած շաբաթվա վերջին քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։
Ըստ Sabah-ի՝ Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է, որպեսզի փոխանցի Անկարայի մտահոգությունները՝ «Փարիզում ֆրանսիացու ռասիստական հարձակումից հետո Թուրքիայի դեմ սկսված ՔԱԿ-ի ահաբեկչական քարոզչության կապակցությամբ»։
Նախարարությունը նշել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Ֆրանսիան «առողջ բանականությամբ կգործի՝ հարձակման հետ կապված, եւ թույլ չի տա ահաբեկչական խմբավորմանը առաջ տանել իր օրակարգը»:
Աղբյուրների խոսքով՝ Փարիզում Անկարայի դեսպանատունը նույնպես այս հարցի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները փոխանցել է Ֆրանսիայի համապատասխան իշխանություններին։
Նշենք, որ հարձակումը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ 69-ամյա տղամարդը կրակ էր բացել քրդական կենտրոնում՝ սպանելով 3 մարդու, եւեւ վիրավորելով եւս մի քանիսին։ Նա ոստիկանությանն ասել է, որ ատում է «օտարերկրացիներին»։ Դրանից հետո Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Երկուշաբթի օրը, դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքում։





























