Նախագահ Ջո Բայդենը չի վստահում գաղտնի ծառայության որոշ գործակալների եւ չի հավատում իր շան՝ Մայորի կծելու հետ կապված միջադեպի որոշ մանրամասներին։

Քրիս Ուիփլի «Նրա ողջ կյանքի պայքարը: Ջո Բայդենի Սպիտակ տան ներսում» գրքում ասվում է, որ Բայդենը վստահության խնդիրներ ունի որոշ գործակալների հետ, մասամբ այն պատճառով, որ նրանք նախկին նախագահ Թրամփի վճռական կողմնակիցներն են:

«Մեծ խնդիրը Բայդենի անհանգստությունն է՝ իր գաղտնի ծառայության պատճառով․ նրանցից ոմանք MAGA-ի («Ամերիկան կրկին դարձրեք հզոր» շարժման) կողմնակիցներն են եղել: Նա նրանց չէր վստահում»,- նշել է Ուիփլը, գրում է The Hill-ը։

Շատ գործակալներ «կարեկցում են MAGA-ին», իսկ «Գաղտնի ծառայությունը լի է հարավից սպիտակ նախկին ոստիկաններով, որոնք հակված են խորապես պահպանողական լինել»,- գրել է Ուիփլը:

«Շրջապատված անծանոթների նոր ֆալանգով՝ Բայդենը չէր կարող չմտածել՝ արդյո՞ք այս մարդիկ իսկապես ուզում են, որ ես այստեղ լինեմ»,- նշել է նա։

Կան նաեւ խնդիրներ 2021 թվականի մարտի միջադեպի հետ կապված, երբ Մայորը՝ նախագահի գերմանական հովվաշունը, կծել էր գաղտնի ծառայության գործակալին: Հաղորդվում է, որ նախագահը թերահավատորեն է վերաբերվել իրավիճակի վերաբերյալ գաղտնի ծառայության զեկույցին: Չնայած նա չի վիճարկել կծելու փաստը, Բայդենն ընկերոջն ասել է, որ գաղտնի ծառայության գործակալները երբեք չեն լինում Սպիտակ տան երկրորդ հարկում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։