Բենյամին Նեթանյահուն երդվել է որպես երկրի պատմության մեջ ամենաաջակողմյան եւ կրոնական առումով պահպանողական կառավարության վարչապետ, հայտնում է AP-ն։

Նեթանյահուն երդվել է անմիջապես այն բանից հետո, երբ Քնեսեթը վստահության քվե է հայտնել իր նոր կառավարությանը։

Կոալիցիան, որը բաղկացած է հրեական ծայրահեղ ազգայնական եւ կրոնական կուսակցություններից, արդեն աննախադեպ բողոք է առաջացրել իսրայելական հասարակության մեջ, ներառյալ երկրի պաշտպանական կառույցները, բիզնեսը, ԼԳԲՏ համայնքը, աշխարհիկ հրեաները եւ այլք:

Նոր կառավարությունը խոստացել է սահմանափակել երկրի անկախ դատական համակարգի իշխանությունը եւ ընդլայնել անօրինական բնակավայրերը օկուպացված Արեւմտյան ափին, ինչը կխորացնի պաղեստինցիների հետ հակամարտությունը:

Ավելի քան մեկ տարի ընդդիմություն լինելուց հետո Նեթանյահուն վերադարձել է վերջին ընտրություններում, որը հինգերորդն է երկրում չորս տարուց պակաս ժամանակահատվածում, եւ երկարաձգել է վարչապետի պաշտոնում իր ռեկորդային պաշտոնավարումը: