Երեւանում քաղաքաշինական ներկայիս  մեծ ակտիվությունը ի թիվս այլնի պայմանավորված է եկամտային հարկի ետվերադարձի ծրագրով, որից օգտվելու հնարավորությունը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը փուլային եղանակով, ըստ գոտիների, դադարեցվելու է: Այդ պատճառով կառուցապատողները մեկնարկում են նոր քաղաքաշինական ծրագրեր, իսկ գնորդները շտապում են ձեռք բերել անշարժ գույք, որպեսզի հասցնեն օգտվել այդ ծրագրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Բացի այդ, նրա խոսքով՝ Երեւանում շարունակում է աճել բնակարանների պահանջարկը՝ նաեւ օտարերկրացիների ներհոսքով պայմանավորված։ Բայց եկամտահարկի ետվերադարձի ծրագրի դադարեցմամբ Երեւան քաղաքում կառուցապատման տեմպերն աստիճանաբար կնվազեն, դրա փոխարեն կառուցապատումը կակտիվանա մերձերեւանյան համայնքներում՝ հանգեցնելով Երեւան քաղաքի փաստացի ընդլայնմանը։

«Ծրագրի տնտեսական հիմնավորումների վերաբերյալ մեր հաշվարկներով եւ հիմնավորումներով ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ կառավարության ու Ազգային ժողովի մեր գործընկերների հետ՝ ներկայացնելով ծրագրի շահեկանությունը հենց պետության համար, այդ թվում՝ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության այլ ոլորտների վրա (շինանյութերի արտադրություն, ներմուծում եւ այլն): Սակայն, նրանք ականջալուր չեղան մեր հիմնավորումներին», – ասաց նա՝ ավելացնելով, որ կառավարության գործընկերների դիրքորոշմամբ՝ Երեւանում ծրագիրը դադարեցնելուց հետո ակտիվ քաղաքաշինությունը կզարգանա մարզերում։

Ըստ Գուրգեն Գրիգորյանի, սակայն, կառուցապատումը տարբերվում է տնտեսության մյուս ճյուղերից նրանով, որ պահանջարկն է ձեւավորում առաջարկը, այլ ոչ թե հակառակը։ Մարզերում, պայմանավորված ցածր աշխատավարձով եւ զբաղվածության խնդիրներով, անշարժ գույքի ձեռքբերման պահանջարկը ցածր է։ «Քաղաքաշինական ծրագրերը ենթադրում են համալիր կառուցապատումներ, ոչ թե մեկ շենքի կառուցապատում, առնվազն 3-4 շենքի պահանջարկ պետք է լինի, որպեսզի ներդրումային գրավչության տեսանկյունից հետաքրքրի կառուցապատողին»,- նշեց նա։

Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ այժմ եկամտահարկի ետվերադարձի ծրագիրը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, բայց կառուցապատողները, միեւնույն է, հեռավոր մարզերում քաղաքաշինական ծրագրեր չեն իրականացնում, բացառությամբ մի շարք հանգստի գոտիների՝ Դիլիջան, Ծաղկաձոր եւ այլն։

«Կարծում եմ, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո Երեւանի կենտրոնից  50 կիլոմետր շառավղով գտնվող համայնքներում քաղաքաշինությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ, բայց հեռավոր մարզերում ՝ ոչ, քանի որ պետության կողմից չկան խթանիչ պայմաններ, բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ ամենակարեւորը՝ չկա բավարար պահանջարկ բնակչության կողմից»,- նշեց նա։

Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությանը ու Ազգային ժողովին Ասոցիացիան առաջարկել է մի շարք մեխանիզմներ ներդնել, որոնք եկամտահարկի ետվերադարձի դադարեցումից հետո կարող են խթանել ակտիվ տեպմերով կառուցապատման շարունակականությանը: Դրանց թվում են.

Հնամաշ բնակֆոնդի, այդ թվում՝ վթարային բնակֆոնդի ռենովացիա. Սա ենթադրում է հնամաշ շենքերի քանդում, փոխարենը՝ նոր շենքերի կառուցում, իսկ սեփականատերերին՝ նույն վայրում նոր ավել հարկայնությամբ կառուցված շենքում կամ այլ վայրում համարժեք բնակմակերեսի տրամադրում՝ որպես սեփականություն։ Ընդ որում, քննարկվում են մի շարք մեխանիզմներ՝ սեփականատերերին որոշակի երաշխիքներ տրամադրելու համար։ Իսկ կառուցապատողն իր շահույթը ստանում է ավել կառուցված հարկերից անշարժ գույքի վաճառքից։ Կառուցապատողներից մեկն այժմ նմանատիպ պիլոտային նախագիծ է իրականացնում Երեւանի Աջափնյակ համայնքում, որը լավ փորձ է՝ գործընթացներն առավել լավ պատկերացնելու, գործնականում հանդիպող խնդիրների հաղթահարման ուղիներ գտնելու հարցում։

Կարգավիճակ՝ անշարժ գույքի դիմաց. Սա ենթադրում է օտարերկրացիներին տրամադրել որոշակի իրավական կարգավիճակ՝ ՀՀ տարածքում նվազագույն շեմից բարձր գումարով անշարժ գույքի ձեռքբերման դիմաց, բնականաբար, հաշվի առնելով ազգային անվտանգության շահը։

Եկամտային հարկի ետվերադարձ Երեւան քաղաքի սահմաններից դուրս՝ օրինակ՝ 75 կլիոմետրից ավելի հեռավորության վրա երկրորդ անշարժ գույք գնելու դեպքում։ «Նշվածը խթան կհանդիսանա, որ այն անձինք, ովքեր արդեն 1 անգամ օգտվել են ծրագրից ու գույք են ձեռք բերել Երեւանում, կարողանան կրկին օգտվել ծրագրից ու անշարժ գույք ձեռք բերել մարզում, սա էլ իր հերթին կխթանի մարզերում քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացումը», – նշեց Ասոցիացիայի նախագահը։

Նրա խոսքով՝ կառուցապատումը, հանդիսանալով տնտեսության լոկոմոտիվ ճյուղ, բախվում է մի շարք օրենսդրական դաշտի անկատարությամբ պայմանավորված վարչարարական խնդիրների, որոնց թվում են քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ժամկետների ձգձգումները։ Նա նշեց, որ սահմանված օրենսդրական ժամկետները գումարային գրեթե 350 օր են, սակայն, իրական կյանքում այն տեւում է մոտ երկու տարի: Նշված ժամկետների ձգձգումների էական մասը լինում է Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցով էականորեն բարձրացվել են շինարարության թույլտվության տրամադրման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերը: Սակայն, բարձր տուրքի դիմաց ավելի լավ որակի ծառայության ակնկալիքը դեռեւս իրականություն չի դարձել, եւ անհրաժեշտ են սանկցիաներ նախատեսող օրենսդրական փոփոխություններ՝ ժամկետները խախտող մարմնի կամ պաշտոնատար անձի նկատմամբ։  «Մեր հիմնավոր դիրքորոշմամբ՝ տուրքը որոշակի ծառայության դիմաց վճարվող պարտադիր գումար է, բարձր դրույքաչափով տուրք՝ լավ ծառայություն սկզբունքով», – ասաց նա։