Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բազմահարկ շենքի բնակիչներին տարհանել են. գիշերը բնակարաններից մեկի պատուհանից անօդաչու է մտել, տեղեկացրել է քաղաքապետ Վալենտին Դեմիդովը, փոխանցել է «Ինտերֆաքսը»։
«Անօդաչու թռչող սարքը մտել է բնակարանի պատուհանից ներս։ Մարդկանց տեղափոխել են անվտանգ վայր։ Բոլորին առաջարկել ենք տեղավորվել հյուրանոցում, մինչեւ որ հատուկ ծառայությունները կատարեն իրենց աշխատանքը։ Տարածքը պատնեշված է, գույքի պահպանությունը կապահովենք։ Կազմակերպել ենք օպերատիվ շտաբներ»,- գրել է քաղաքապետն իր թելեգրամ-ալիքում։
Նա ավելացրել է, որ անօդաչու սարքի բեկորներ են գտնվել նաեւ եւս երկու փողոցներում։
«Աննշան վնասվել են երեք մեքենաներ։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տեղում գտնվում են իմ տեղակալները։ Օպերատիվ ծառայությունները պարզում են բոլոր հանգամանքները։ Գլխավորն այն է, որ ոչ ոք չի տուժել»,- ընդգծել է Դեմիդովը։
Նա հավաստիացրել է, որ վնասված գույքն արագ կվերականգնվի։
Նախօրեին Բելգորոդի բնակելի թաղամասերում հայտնաբերվել էին երեք անօդաչու սարքերի բեկորներ։
Ռուսաստանը տեղեկացնում է, որ Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանները 2022թ. փետրվարի 24-ից ենթարկվում են գնդակոծության ուկրաինական կողմից։ Կան զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։ Այս առնչությամբ տարածաշրջանում սահմանվել է ահաբեկչական վտանգի «դեղին» (բարձր) մակարդակ։ 15 սահմանամերձ բնակավայրերում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։





























