Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ՌԴ-ում Transparеncy International-ի գործունեությունն անցանկալի է ճանաչել։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել են վերահսկող գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքներով ՌԴ գլխավոր դատախազությունը որոշել է Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչել Բեռլինում (Գերմանիա) տեղակայված Transparеncy International-ի գործունեությունը, որի կառավարումն իրականացնում են օտարերկրյա պետությունների քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ կազմակերպության գործունեությունն ակնհայտորեն դուրս է գալիս հռչակված նպատակների եւ խնդիրների սահմաններից։ «Ֆորմալ կերպով, հանդես գալով որպես ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպություն, այն միջամտում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին, ինչը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի եւ անվտանգության հիմքերի համար»,- ասել են գլխավոր դատախազությունից:
Որոշման մասին տեղեկությունն ուղարկվել է Ռուսաստանի արդարադատության նախարարություն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչված օտարերկրյա եւ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ցանկում ներառելու համար։





























