Իսրայելի Զինված ուժերը հայտարարել են, որ կիրակի վաղ առավոտյան գրոհել են Սիրիայի թիրախները,  այնտեղից Իսրայելի վրա վեց հրթիռ արձակելուց հետո, հաղորդում է The Associated Press-ը։

Երեք հրթիռի երկրորդ արձակումից հետո Իսրայելը սկզբում հայտարարել էր, որ հրետանային կրակով է պատասխանել։ Ավելի ուշ երկրի ԶՈՒ-ն հայտնել է, որ իսրայելական կործանիչները գրոհել են սիրիական բանակի օբյեկտները, ներառյալ Սիրիայի 4-րդ դիվիզիայի համալիրը, ռադարային և հրետանային հենակետերը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Դամասկոսում տեղակայված պաղեստինյան խմբավորումն իր վրա է վերցրել շաբաթ օրը երեք հրթիռի արձակման պատասխանատվությունը, հաղորդել է  Al-Mayadeen հեռուստաալիքը։

Սիրիայից հրթիռակոծումը տեղի է ունենում Իսրայելի ու Պաղեստինի միջև լարվածության աճի ֆոնին, որն առաջացել է Երուսաղեմի ամենազգայուն մասի՝ սրբազան համալիրի վրա իսրայելական ոստիկանության արշավների պատճառով։ Սա զայրացրել է սրբազան Ռամադան ամիսը տոնող պաղեստինցիներին և Լիբանանի ու Գազայի հատվածից հրթիռակոծման պատճառ դարձել։

Ի  պատասխան իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայում և Լիբանանի հարավում պաղեստինական Համաս ռազմականացված խմբավորման հետ ենթադրյալ կապ ունեցող օբյեկտներին։

Շաբաթվա վերջում Երուսաղեմում լարվածությունն աճեց, երբ մի քանի հարյուր հավատացյալ պաղեստինցիներ բարիկադավորվեցին Երուսաղեմի Հին քաղաքի սրտում գտնվող բլրի վրայի մզկիթում։ Հավատացյալներին վռնդելու իսրայելական ոստիկանության փորձերը վերաճեցին անկարգությունների։

Իրավիճակի վերջին սրացումը ստիպեց Իսրայելի պաշտպանության նախարարին հրեական Պեսախ տոնի ժամանակ երկարացնել Արևմտյան ափից ու Գազայի հատվածից պաղեստինցիների մուտքը Իսրայել։ 

Ակնկալվում է, որ 2000-ից ավելի ոստիկաններ կտեղակայվեն Երուսաղեմում կիրակի օրը, երբ տասնյակ հազարավոր հրեաներ կհավաքվեն Արևմտյան պատի մոտ՝ զատկական հատուկ օրհնություն ստանալու համար։