smart Automobile ընկերությունը (Mercedes-Benz-ի եւ Geely-ի համատեղ ձեռնարկություն) ներկայացրել է նոր քրոսովեր՝ #3 ինդեքսով, որը ներկա պահին smart մակնիշի ամենախոշոր մոդելն է։ Այս մասին տեղեկացրել է «Колеса»-ն։

Մակնիշի նորագույն պատմությունն սկսվել է 2019թ., երբ Mercedes-Benz ընկերությունը դրա կառավարումը հանձնեց չինական Geely հոլդինգին՝ համատեղ ձեռնարկության շրջանակում։ Այժմ մակնիշի ինժինիրինգի համար պատասխանատու է Geely-ին, իսկ Mercedes-Benz-ը զբաղվում է դիզայնով։ Առաջին մոդելը մեկ տարի առաջ ներկայացված սուբկոմպակտ քրոսովերն էր՝ #1 ինդեքսով, հետո ներկայացվել է նրա սպորտային Brabus տարբերակը։

Այսօր Շանհայի ավտոսրահի բացման նախօրեին տեղի է ունեցել smart #3-ի «շնորհանդեսը» եւ ներկայացվել է նրա Brabus տարբերակը։ smart #3-ի արտաքինը վաղուց գաղտնիք չէ. դեռեւս անցած տարվա նոյեմբերին  նորույթի լուսանկարները ներկայացրել էր չինական արդյունաբերության նախարարությունը։ smart #3-ը ավելի երկար է, ավելի լայն եւ ցածր, քան smart #1-ը, երկարությունը 4 400 միլիմետր է, լայնությունը՝ 1 844, բարձրությունը՝ 1 556, անիվների բազան՝ 2 785 միլիմետր։ Այս չափանիշները համապատասխանում են С-դասին։ smart #3-ի cx աերոդինամիկական դիմադրության գործակիցը փոքր է, քան smart #1-ինը։

smart #3-ի հիմքում Geely-ի SEA մոդուլային պլատֆորմն է։ smart #3-ն ու smart #1-ը առավելագույն չափով ունիֆիկացված են, ուժային սարքերը նույնն են՝ 200 կՎտ՝ 272 ձիաուժ, Brabus տարբերակն ունի 315 կՎՏ՝ 428 ձիաուժ։ Մարտկոցի տարողությունը չի նշվել, մեկ լիցքով ընթացքի պաշարը՝ 500-540 կիլոմետր է՝ կախված մոդիֆիկացիայից։

smart #3-ի ներսակողմը գրեթե նույնն է, ինչ եւ smart #1-ինը, միակ նկատելի տարբերությունը կլոր օդանցքներն են օվալաձեւերի փոխարեն։ Brabus տարբերակն ունի ագրեսիվ աերոդինամիկական կախոց, արգելակների սուպպորտներ, դեկորատիվ կարմիր ներդիրներ թափքին եւ սրահում։ Smart #3-ի գները չինական շուկայի համար առայժմ հրապարակված չեն, վաճառքի ժամկետը չի նշվել։ Եվրոպայում այս հարցն ավելի հստակ է՝ smart #3-ի տեղի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Մյունխենի IAA ցուցահանդեսում, նորույթը դիլերների մոտ կհայտնվի 2024թ. սկզբին։

Ավելացնենք, որ smart մակնիշի հին մոդելային շարքին արդեն հրաժեշտ են տվել. ապրիլին դադարել է EQ fortwo էլեկտրական երկտեղանի քաղաքային էլեկտրամեքենայի պատվերների ընդունումը, դրա հաջորդը, հավանաբար, կկոչվի smart #2, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։