Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հունիսի 28-ին, քննվել է Արդարադատության նախարարի միջնորդության քննությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին իրենց կողմից կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Նշենք, որ նախարարությունը միջնորդել էր պատասխանատվության ենթարկել նաեւ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, սակայն նա հրաժարականի դիմում է ներկայացրել:

Դատավոր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմքով, որ Անդրեասյանը տնտեսական շահ, ընկերական հարաբերություններ ունի միջնորդությունը հարուցած Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց մամուլում շրջանառված տեսանյութը, որում երեւում են Անդրեասյանը եւ Մինասյանը սրճարաններից մեկում հանդիպելիս:

«Արդարադատության նկատմամբ անվստահություն ծնող հանգամանք է, ինչը տեղի է ունեցել ձեր բացառիկ իմացության ներքո»,- նշեց Սահակյանը:

Կարեն Անդրեասյանը ներկայացուցիչներին արձագանքեց, որ այն հանգամանքը, որ ինքն այդտեղ հայտարարություններ չի անում, դա բխում է հենց այդ գործընթացի ճիշտ տրամաբանությունից. «Ես բանավեճի չեմ բռնվում որեւէ կողմի հետ, բայց դա չի նշանակում, որ ԲԴԽ անդամները խորհրդակցական սենյակում ինձ հարցեր չեն ուղղել կամ չեն չեն ուղղելու. ես կպատասխանեմ նրանց բոլոր հարցերին՝ խորհրդակցական սենյակում»:

Անդրեասյանն ասաց, որ սրճարանը, որտեղ ինքն այցելել է, ԲԴԽ շենքին մոտ է, եւ տարակուսելի չէ, որ ԲԴԽ նախագահը կարող է այցելել այդտեղ:

Սիրանուշ Սահակյանն էլ արձագանքեց, որ եթե հանդիպումը լիներ պաշտոնական, ապա այն պաշտոնական միջավայրում կլիներ:

Փաստաբանների կողմից Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկը մերժվեց:

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով։ 1990-ական թվականներից սկսած՝ դիմումատու ընկերությունը Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան եւ Ասոշիեյթս» ՍՊԸ-ից կանոնավոր գնել է մետաղական ջարդոն։

1999 թվականի փետրվարի 8-ին, 2000 թվականի ապրիլի 10-ին եւ 2003 թվականի ապրիլի 2-ին «Շոլց ԱԳ» եւ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները ՍՊԸ-ի հետ կնքել են երեք պայմանագիր։ Դրանց համաձայն «ՔեյԲիՔեյԷս»-ն եւ դիմումատու ընկերությունը պետք է ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց։

2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի եւ ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։

Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի եւ 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։

Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները եւս չի կատարել։ Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը եւ երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։

Նշենք, որ ընկերությունը դիմել է ներպետական բոլոր ատյաններին, սակայն մերժում ստացել եւ դիմել է ՄԻԵԴ: