Հունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացվել ապօրինի  քրեական գործով մեղավոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գործը վերաբերում է Գլխավոր դատախազության դիմաց իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացույցի, վերագրվել էին տասը քաղաքացիների և դիտարկվել որպես խուլիգանություն։

Ցավալիորեն, այս իշխանության օրոք ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնույթ։

Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։

Մենք դատապարտում ենք այս ապօրինությունը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում  առաջնագծում կանգնելու մեր վճռականությունը»:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է: