ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 29-ին,  կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար` հիշեցնելով, որ Փամբուխչյանը որպես նախարար վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։

«Պարո՛ն Փամբուխչյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում ի բարօրություն մեր պետության»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ ԱԻՆ–ը հունիսի 31-ից կմիավորվի ՆԳՆ–ին։

Նախարարի պաշտոնը լքող Փամբուխչյանն էլ վստահության ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու գործընկերներին։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը հունիսի 30-ից կազատվի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:

Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: