Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կալանավորել է երեք օտարերկրացու՝ հատկապես խոշոր չափերի թմրանյութերի անօրինական ձեռքբերման, պահման եւ անօրինական ճանապարհով Վրաստան մտցնելու մեղադրանքով, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ կալանավորումն իրականացվել է համալիր օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, որոնք համատեղ կատարել են ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի եւ Մաքսային դեպարտամենտի Եկամուտների ծառայության աշխատակիցները։

ՆԳՆ տեղեկացմամբ՝ կալանավորվել են օտարերկրյա պետությունների քաղաքացիներ՝ 1993թ. ծնված Ա.Մ.-ն, 1985թ. ծնված Ս.Տ.-ն եւ 1987թ. ծնված Մ.Լ.-ն։

Այս հանցագործությունը դատապարտվում է մինչեւ 20 տարի ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ։

«Կալանավորվածների անձնական ստուգման ժամանակ որպես նյութեղեն ապացույցներ առգրավվել են տարբեր թմրանյութեր։ Իրավապահները կալանավորել են Ա.Մ.-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Նրա մոտից առգրավվել է 125 փաթեթ, որոնք պարունակել են 1 կիլոգրամ 35 գրամ «կոկաին»։ Ս.Տ.-ից առգրավվել է 50 գրամ «մետադոն», իսկ Մ.Լ.-ից՝ մեկ փաթեթ «կոկաին»։

Քննությունը վարվում է Վրաստանի Քր. օր. 260 եւ 262 հոդվածներով»,- նշվել է հաղորդագրությունում։