Թուրքիան Իսրայելը հանել է արտահանման առաջնահերթ ուղղությունների իր պաշտոնական ցանկից, ինչը  երկու երկրների հարաբերությունների անկման ցուցանիշ է և նշանակում է, որ Իսրայելին ապրանքներ և ծառայություններ մատակարարողները պետության կողմից չեն սուբսիդավորվի, իսկ չնախատեսված հանգամանքների դեպքում նրանք չեն կարող փոխհատուցման հույս ունենալ, գրում է News. israelinfo-ն։

Ինչպես նշում են իսրայելական լրատվամիջոցը, այսօր այս լուրերին արձագանքել է նաև թուրքական առաջատար ավիաընկերությունը՝ Turkish airlines-ը։ Լրատվամիջոցը,  վկայակոչելով զբոսաշրջության ոլորտի աղբյուրները, հաղորդում է, որ Իսրայելի բոլոր զբոսաշրջային ​​գործակալությունները հաղորդագրություն են ստացել թուրքական ավիաընկերությունից՝ առնվազն մինչև աշնան կեսերը դեպի «Բեն Գուրիոն» թռիչքները չեղարկելու մասին։

«Բոլոր թռիչքները չեղարկվում են մինչև 2024 թվականի հոկտեմբերի 26-ը՝ անվտանգության իրավիճակի պատճառով», - հայտարարել է թուրքական ընկերությունը և կարգադրել տոմսեր գնած հաճախորդներին ամբողջությամբ վերադարձնել գումարը։

Միաժամանակ News. israelinfo-ն պարզաբանում է, որ նման ընկերությունները   քիչ չեն՝ և  Turkish airlines-ը, և՛ Pegasus-ը չեղարկել են թռիչքները Գազայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ «Էլ Ալը» որոշ ժամանակ թռիչքներ է կատարել  Ստամբուլ՝ այնտեղ արգելափակված իսրայելցիներին հետ բերելու համար, հետո թռիչքներն ամբողջությամբ չեղարկվել են: Այժմ այս հարցում դրվել է վերջին կետը՝ Իսրայելի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցություն մինչև հոկտեմբերի վերջ չի լինի։

Turkish airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել այն ժամանակ, երբ եվրոպական ընկերությունները մեկը մյուսի հետևից վերսկսում են թռիչքները դեպի Թել Ավիվ, թեև ոչ ամբողջ ծավալով։ Այսպես, նախօրեին Air France-ն իր առաջին թռիչքն է կատարել դեպի «Բեն Գուրիոն» վերջին երեք ամսվա ընթացքում։ Lufthansa խմբի ընկերությունները վերադարձել են ավելի վաղ։ Իռլանդական Ryanair ավիաընկերությունը նախատեսում է մասամբ վերսկսել թռիչքները փետրվարին, իսկ Wizz-ը՝ գարնանը։

Իսրայելական լրատվամիջոցին տված հարցազրույցում ռուսալեզու հատվածի ամենահայտնի տուրիստական ​​գործակալներից մեկն ասել է, որ իրենց մասնագիտական ​​հանրությունը շատ ուրախ է, որ թուրքերը լքել են իսրայելական շուկան, «թող գնան,  առանց նրանց էլ ամեն ինչ լավ կլինի»: