Բեռլինի գլխավոր դատախազությունը երեքշաբթի՝ փետրվարի 20-ին հայտարարել է փողերի լվացման ռուս-եվրասիական խոշոր ցանցի բացահայտման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ մլն եվրոյի անօրինական հոսքին, որոնց իրական ծագումը թաքցվել է, տեղեկացնում է «Немецкая волна»-ն։
Հետաքննության շրջանակում գերմանական քննչական մարմինների աշխատակիցները խուզարկել են 58 բնակելի եւ առեւտրային կետեր Բեռլինում, Բրանդենբուրգում, Բադեն-Վյուրտենբերգում եւ Սաքսոնիայում։ Բացի այդ, խուզարկություններ են կատարվել նաեւ Լատվիայում եւ Մալթայում՝ տեղի քննիչների, արդարադատության նախարարությունների եւ Եվրոպոլի օգնությամբ։ Խուզարկությունների ժամանակ առգրավվել են գործնական փաստաթղթեր, տվյալների էլեկտրոնային կրիչներ եւ բջջային հեռախոսներ։
Գործում ընդգրկված են 31-58 տարեկան 11 մեղադրվողներ, որեւէ այլ մանրամասն նրանց մասին չի նշվում։ Քննության տվյալներով՝ 2021թ. հուլիսից ոչ ուշ նրանք ստեղծել են ընկերությունների ցանց Մալթայի ֆինանսական հաստատության հիման վրա՝ փողերի լվացմամբ զբաղվելու համար։ Քննիչները կարծում են, որ խումբը հիմնականում գործել է Բեռլինից եւ Ռիգայից։
Հայտնի է, որ Բրանդենբուրգում արդեն բռնել են մեկ մեղադրվողի՝ 53 տարեկան մի տղամարդու։ Սառեցվել են միջոցները Մալթայի ութ հաշիվներում։
Զուգահեռ քննչական գործողությունները Լատվիայում եւ Գերմանիայում հեշտացրել է 2023թ. դեկտեմբերին ընդհանուր գերմանա-լատվիական քննչական խմբի ստեղծումը։




























