Մոտ ժամանակներս վիզային ռեժիմի  պարզեցման գործընթացում էական առաջընթաց է սպասվում: Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչու է ձգձգվում վիզային ռեժիմի պարզեցման հարցի որոշումը:

«Վիզային ռեժիմի պարզեցման բանակցություններում  ոչ մի ուշացում չկա», - հավաստիացրել է Էշթոնը` նշելով, որ այդ հարցը քննարկել է երկրի ղեկավարության հետ:

Էշթոնը նաեւ ընդգծել է, որ դա տեւական գործընթաց է. «Տպավորությունը, որ դա ուշանում է, ընդամենը տպավորություն է, որովհետեւ կան շատ տեխնիկական հարցեր, որոնց լուծման տեւական գործընթացը տպավորություն է ստեղծում, որ դա ամենաբարդ փուլն է: Տեխնիկական մասի ավարտից հետո բանակցային գործընթացն ավելի արագ կընթանա: Այդ պատճառով ներկայիս փուլի դժվարությունները անհրաժեշտ է դիտարկել որպես հաջորդ փուլի նախապայման»: