ՌԴ Քննչական կոմիտեն իրականացնում է նախաքննական ստուգում «Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարեւիչի հանդեպ՝ հեռախոսով պրանկերի հետ զրույցից հետո, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։
Մակարեւիչին, գործակալության զրուցակցի խոսքով, ստուգում են՝ պարզելու համար նրա խոսքերում ՌԴ ՔՕ հոդված 280-ի (ծայրահեղական գործողությունների իրականացման հրապարակային կոչեր) նշանների առկայությունը։
Ստուգման առիթը, ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, երաժշտի հեռախոսազրույցն է պրանկերի հետ, որը ներկայացել է որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի։ Զրույցի ընթացքում, գրել է պետական գործակալությունը, Մակարեւիչը հայտնել է, որ «աջակցում է ուկրաինական կողմին եւ բացասաբար է վերաբերվում հատուկ ռազմական գործողությանը»։
Մատնությունը Մակարեւիչի դեմ գլխավոր դատախազություն եւ ՔԿ գրել է «Վետերանի Ռոսսիի» հասարակական շարժման գործադիր տնօրեն Վադիմ Միրոնենկոն։ Նա ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ ստուգումն առայժմ ավարտված չէ՝ հույս հայտնելով, որ դրա արդյունքներով «կընդունվի արարողակարգային լուծում»։
Անդրեյ Մակարեւիչը 2022թ. սեպտեմբերին Ռուսաստանում հայտարարվել է «օտարերկրյա գործակալ»։ ՆԳՆ ծայրահեղականության դիմակայության գլխավոր վարչությունը (կենտրոն «Է»), որը պահանջել է երաժշտին մտցնել ցուցակ, հայտնել է, որ նա «պարբերաբար տարածել է բացասական կարծիքներ» ՌԴ ղեկավարության որոշումների մասին, նրան մեղադրել ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնությունը նույնականացրել նացիստական Գերմանիայի հետ»։ Մակարեւիչը երկու անգամ տուգանքի է ենթարկվել «օտարերկրյա գործակալի պարտավորությունները չկատարելու» համար, այժմ նրան սպառնում է քրեական գործ։
ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածը նախատեսում է հինգ տարվա ազատազրկում, եթե «արարքը կատարվել է զանգվածային լրատվամիջոցի կամ տեղեկատվա-հեռահաղորդակցային ցանցերի օգտագործմամբ, այդ թվում ինտերնետի»։





























