Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում Գնել Սանոսյանի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքները ուսումնասիրելուց հետո սովորաբոր պարզվում է, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, ասաց.
«Ես ոչ մի բանից չեմ կաշկանդվում՝ ո՛չ անձերից, ո՛չ այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններից»,- նշեց Սասուն Խաչատրյանը: Հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ականների վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ չի խորհրդակցում, Սասուն Խատաչտրյանը պատասխանեց՝ իհարկե, ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին «Հետքը» հրապարակել էր «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հոդված։ Հրապարակման մեջ «Հետքը» ներկայացրել էր Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գտնվող հողամասի ձեռքբերման և կառուցապատման մանրամասները։ Նախարարը պարզաբանել էր, որ տունը կառուցվում է ծնողների համար եղբայրների միջոցով, որոնք արտագնա աշխատանքի միջոցով են գումար վաստակել։





























