Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կատարած հաշվարկների համաձայն՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի հետևանքով տնտեսությանը հասցված ուղղակի վնասը մոտ 200 մլն դոլար կկազմի, խոսքը միայն ճանապարհների կառուցման, գույքի վնասի փոխհատուցման, տների վերակառուցման մասին է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Պարսյանի կարծիքով՝ առնվազն 3-5 տարի կպահանջվի աղետի տնտեսական հետևանքները վերացնելու համար․ «Այդ գումարի մեջ ներառված չեն անուղղակի վնասները՝ բիզնեսներին աջակցությունը, վարկերի մարման հետաձգումը, ներկրման և արտահանման ծախսերը»։
Տնտեսագետի խոսքով, Դեբեդ և Աղստև գետերի վարարումը Հայաստանի մի շարք բնակավայրներին մեծ վնասներ է հասցրել, մասնավորապես 8 քաղաք և մոտ 30 գյուղ է վնասվել: Աղետը պատճառել է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնասներ: Ուղղակի վնասը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանների տները, բիզնեսները էապես տուժել են, նյութական, գույքային կորուստներ ունեն: Բացի այդ, տուժել են տարածաշրջանի ենթակառուցվածքները՝ մասնավորապես ճանապարհները և երկաթգիծը, որոնք վերականգնելու համար բավականին մեծ ռեսուրսներ են հարկավոր: Սուրեն Պարսյանի խոսքով, աղետից հատկապես տուժել է հանքարդյունաբերության ոլորտը, որն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 2-3 տոկոսը, և Հայաստանի արտահանումների մոտ 36 տոկոսը: Բացի այն, որ արտահանում տեղի չի ունենում, այս տարածաշրջանում են գտնվում խոշոր հանքավայրեր, Ախթալայի և Թեղուտի լեռնահարստացման կոմբինատները, Ալավերդու պղնձաձուլարանը, որոնց գործունեությունը ևս դադարեցված է: «Անուղղակի վնասը կայանում է նրանում, որ Լոռիով էին տեղի ունենում Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք ապրանքների արտահանումը և ներմուծումը: Երկաթգծի միջոցով իրականացվում էր Հայաստանից պղնձի և մոլիբդենի արտահանումը: Արտահանումն այս պահին դադարեցված է, քանի որ երկաթգծի մոտ 2.5 կմ հատված քանդվել է: Երկաթգծի չգործելը բավականին լուրջ վնասներ է առաջացնում նաև ներկրման ժամանակ, որովհետև դիզելային վառելիքի, ցորենի ներկրումը չի իրականացվում երկաթգծի միջոցով, այլ բեռնատար մեքենաների, ինչի դեպքում ծախսերն ավելի շատ են»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե ողջ բեռնափոխադրումն իրականացվի այդ ճանապարհով, Վերին Լարսում էլ խցանումներ կարող են առաջանալ: Տնտեսագետի խոսքով՝ ճանապարհները վերակառուցումը բավականին թանկ կարժենա՝ հաշվի առնելով, որ կառավարությունը նախատեսում է այդ ճանապարհները նոր նորմատիվներով կառուցել, ինչի պարագայում ճանապարհի մեկ կիլոմտերի կառուցումը 1 մլրդ դրամ կամ ավելի կարող է արժենալ:




























