Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մտադիր է առաջադրվել Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Այս մասին Վարդան Ղուկասյանը հայտնեց NEWS.am–ի հետ զրույցում։ 

Ի՞նչ դիրքորոշում ունեք Փաշինյանի առաջարկած փրայմերիզի մասին։ 

Թող բոլորը դնեն, վերջում ժողովուրդն իր խոսքը կասի։ Դրանից հետո դուք, որ էս 20–25 տարի ինձ հալածում էիք, կիմանանք դուք ճի՞շտ էիք, թե՞ մշտապես ճիշտ մարդկանց դեմ եք եղել։

Քաղաքապետի թեկնածուն պետք է առաջադրվի կուսակցությամբ, Դուք ո՞ր կուսակցությունով եք առաջադրվելու։

Կապրենք, կտեսնեք, մի քիչ համբերեք։

Տեղեկություններ կան, որ Կոմունիստական կուսակցությամբ եք առաջադրվելու։ Ճի՞շտ է։

Մի քիչ համբերեք, հիմա լսիր, «համբերել» ի՞նչ է նշանակում, համը բերել, համբերեք, համը հետ կգա։ Ով համբերե, նա կեցցե։

Մտավախություն չունե՞ք, որ Ձեր դեմ հարուցած քրեական գործերով կարող են ճնշումներ լինել Ձեր դեմ։ 

Ինչ ուզում են անեն, մենք մեր թեկնածությունը դնելու ենք։ Այդ ամեն ինչը կարված գործեր են։ Մենք սոխ չենք կերել, որ մեր սիրտը մրմռա։ 2007–ից գիշեր–ցերեկ էդ ա էլի։ Իրենք էլ հոգնեցին մեզնից, դուք էլ հետը հոգնեցիք։ Գիշեր–ցերեկ ասում են Վարդան Ղուկասյանի վրա գրեք, գրեք։ Դուք էլ ինձնից հոգնեցիք, ես էլ ձեզնից։ Ինչքան գրել են տալիս, էս տեղեն հզորանում է, ինչքան վրեն շառ եք անում, ուժեղանում է։ Չեն տեսնու՞մ, որ իսկական ժողովրդական, հզոր մարդ եմ։ Եթե էդպես չլիներ, գյումրեցիները գիտե՞ս ինչ կանեին, բզիկ–բզիկ։ 

Այսինքն՝ գյումրեցիները Ձեզ սիրու՞մ են։ 

Իա՜, մթոմ դու չգիտե՞ս։ Եթե էսքան ժամանակ չգիտեք, թե ժողովուրդն ում է ուզում, պետությունը՝ ում, էլ ի՞նչ ասեմ։ Մի քիչ համբերեք, արդյունքները կտեսնեք։

Իշխանության թեկնածուներից մեկը Աննա Հակոբյանի բարեկամն է՝ Վահագն Մկրտչյանը։ Չեք կարծում, որ ՔՊ–ն ամեն ինչ կանի, որ հենց նա էլ դառնա քաղաքապետ։

Այդ ընտանիքը միշտ ինձ է պաշտպանել։ Նրանց մահացած հայրը ախպորս հետ փոքր ժամանակ միշտ ֆուտբոլ է խաղացել։ Իրենք միշտ մեր կողմնակիցն են եղել։ Դե հիմա երիտասարդ տղերք են, ուզում են առաջ գնալ, թող դնեն, իրենց քաշը տեսնեն։ Բայց ես ափսոսում եմ, ով իմ դիմացը դրեց, խայտառակ կլինի։

ՔՊ–ից մյուս թեկնածուներն են Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը։

Դրանք ովքե՞ր են, ամոթ է։ Ես մեկ–մեկ ամաչում եմ, որ իմ թեկնածությունը դնեմ, դրանք լինեն ինձ հետ առաջադրված։ Իրենք էլ մի քիչ պիտի ամաչեն։ Էն ժամանակ, եթե ինձ պես մարդ լիներ առաջադրված, ես էլ կամաչեի իմ թեկնածությունը դնել։ Մի քիչ համբերենք, կտեսնեք։ Հետո ես էնքան բան ունեմ ասելու, որ ամբողջ թիմերով բոլորը հավաքվեն իմ չափ բան չունեն ասելու, և արածի վերաբերյալ, և ինչ ապագա պիտի ունենա Գյումրին։

Իշխանությանն էլ եք քննադատելո՞ւ։ 

Հանգիստ եղեք, ես այդպիսի բնավորություն շատ չունեմ։ Մեկը կար, բոյով, որ եկավ ընկավ հետևիցս։ Մի հատ հարցրեք էն «Չայկան» ինչ եղավ։ Եկան էդ «Չայկան» տարան, ախպերս մի հարյուր քանի հազար դրամ «Չայկա» էր վերցրել։ Ուր ա էդ տղեն, ինչ եղավ։ Էդ նախկիններին ասեք, որ բռնել տալը լավ բան չէ, բ․․․ը լավ բան չէ։

Ձեզ բռնել են տվել նախկիննե՞րը։ 

Իա՜, իա՜, էնպես էլ զարմանում ես։ Խոսքս նախկին քաղաքապետի մասին է, բոյով մեկը կար, Բալասանյան էին ասում։ Դրա անունը ժողովուրդը դրել էր «Էգուց կուգամ»։ Գնում, ասում էին այսինչ հարցով օգնի, ասում էր՝ «էգուց կուգաս, կասեմ»։ Մտնում ասում էին՝ Ձեր առողջական ինչպե՞ս է։ Ասում էր՝  «էգուց կուգաս, կասեմ»։ Ասում էին՝ քեզնից բան չենք ուզում, առողջությունիցդ ենք հարցնում, թե էդ էլ պիտի գնաս պապաներիցդ հարցնես։ Էս վերջին քաղաքապետի՝ Վարդգեսի, պապան էլ էդ բոյովն էր էլի, գնում ամեն ինչ զեկուցում էր, թե այս հարցը լուծենք, թե չէ։ Էն էլ տղու հետ նստած հարցերը լուծում էր։