Ախր ինչն է այստեղ բարդ հասկանալ, ո՞վ է ստեղծել այս ճգնաժամը. Եթե մենք ստեղծած լինեինք, սա ճգնաժամ չէր լինի առաջին հերթին, լավ պլանավորված սահուն օպերացիա կլիներ, չէինք մտածի ում ենք ուզում նշանակել Գյումրիի քաղաքապետի ԺՊ: Այս մասին,. այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին:

«Մենք չէինք անի ներքին փրայմերիզներ, որ նշանակենք այն մարդուն, որ ինչ-որ հանրային վստահություն է վայելում: Այդպես գծած կգնայինք մեր ուզած ճանապարհով: Իսկ ճգնաժամը ստեղծել են անպատասխանատու, արհեստական քաղաքական ուժերը, որոնք ինչ-որ մի պահ համախմբվել են տարբեր մարդկանց ազգանունների շուրջ, հետո ինչ-որ մի փուլից ինչ-որ հաշվարկներ ունենալով, լքել են իրենց խրամատը:

Իհարկե սա հնարավոր չէր կանխատեսել: Ոնց որ մի օր վեր կենանք, բոլորովս հրաժարական տանք: Այո, կարող ենք դա անել, եղել են այդպիսի բաներ, բայց հնարավոր չէր կանխատեսել, որ որևէ համայնքում նման մեծամասնություն վերցրած ուժը, որը ի դեպ կառավարում էր ինչ-որ մի փուլից առանց մեզ, մենք հետ էինք քաշվել:

Դա էլ է խոսում նրա մասին, որ մենք որևէ պլան, օպերացիա Գյումրին կամ որևէ այլ քաղաք զավթելու, չունեինք, չէինք հետ քաշվի, իրենք հետ կքաշվեին, կստիպեինք, կասեինք՝ մեր մարդուն ընտրեք քաղաքապետ:

Բոլորին տեղում կձերբակալեինք, չգիտեմ, կծեծեինք, ինչպես մեր աջ կողմում  նստած գործընկերները գիտեն ձևերը ու կանեինք այդ ամենը, բայց չենք արել, չէ՞։ Ու մենք չենք ուզեցել, որ այսպիսի ճգնաժամ լինի։ Հիմա ստիպված այս օրենքը ընդունում ենք»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Նա համաձայնեց, որ հնարավոր է ավելի համակարգային լուծում գտնելու մասին մտածել. «Բայց կոնկրետ այս ճգնաժամի ոչ աղբյուրն ենք մենք, ոչ մեղավորն ենք մենք: Մենք ընդամենը ուզում ենք ունենալ ժամանակավոր պաշտոնակատար, որ իր գործառույթները իրականացնի կարճ ժամանակում ու (գնանք ընտրությունների, որ ժողովուրդը որոշի ով է ի վերջո ղեկավարելու Գյումրին:

Ու մի բան էլ, մի մոռացեք, որ այս համամասնական ընտրակարգը համայնքներում, այնուամենայնիվ նոր է, և այո, որոշ բաներ հնարավոր չի ի սկզբանե կանխատեսել, լինում է խնդիր, փորձում ենք լուծել»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը: