Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրա Էրդողանը, X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում մեկնաբանել է թուրքամետ ուժերի կողմից Սիրիայի գրավումը։
«Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»,- գրել է նա՝ իր գրառմանը կցելով Էրդողանի լուսանկարը՝ թուրքամետ իսլամիստների դրոշը պատկերող շարֆով:
Այսօր առավոտյան լրատվամիջոցները հայտնել են թուրքական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրավելու մասին։
Հաղորդվում է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լքել է երկիրը։
«Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական կառույցները կմնան Սիրիայի ներկայիս վարչապետի վերահսկողության տակ, մինչև դրանց պաշտոնապես հանձնումը։
Սիրիայի ներկայիս վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ Ջալալին սիրիացի զինյալների՝ Դամասկոս մուտք գործելուց հետո արած իր հեռուստաուղերձում հայտնել է հանրապետությունում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու իր պատրաստակամության մասին։




























