Հնագետները Հյուսիսային Եվրոպայի Ալպերից հյուսիս հայտնաբերել են հնագույն քրիստոնեական արտեֆակտը՝ «Ֆրանկֆուրտի արծաթե գրությունը», գրում է Interesting Engineering-ը:

2018 թվականի դեկտեմբերին Ֆրանկֆուրտի Պրաունհայմ թաղամասում պեղումների ժամանակ հնագետները հռոմեական դարաշրջանի գերեզմանի մնացորդներում բեկումնային արտեֆակտ են գտել: Այս տարածքում, որտեղ ժամանակին կառուցված էր հռոմեական Նիդա բնակավայրը, դարաշրջանի մշակութային և կրոնական երանգն արտացոլող դամբարան է հայտնաբերվել։ Այս տարվա դեկտեմբերի 11-ին Մայնի Ֆրանկֆուրտի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են արտեֆակտի հայտնաբերման մասին։

Մեր թվարկության 230-270 թվականներով թվագրվող դամբարանում հայտանաբերվել է մի փոքր, բայց չափազանց կարևոր իր՝ արծաթե հուռութք, որը հայտնի է որպես «Ֆրանկֆուրտի արծաթե գրություն»: Վերևում երկու օղակով հուռութքը մոտ 3,5 սանտիմետր երկարություն ունի, ինչը հուշում է, որ այն հավանաբար կախել են պարանոցին:

Սակայն դրա ամենագրավիչ կողմը հուռութքի մեջ պարփակված արծաթե գլանաձև ձեռագիրն էր: Դրա փխրուն վիճակը լուրջ խնդիր էր հետազոտողների համար, քանի որ այն ֆիզիկապես բացելու ցանկացած փորձ կարող է անդառնալի ​​վնասի հանգեցնել: Ֆրանկֆուրտի արծաթե ձեռագրի բարդ բնույթն առաջադեմ պատկերային տեխնոլոգիաների կիրառում էր պահանջում:   

Մայնցում Լայբնիցի հնագիտության կենտրոնի գիտնականները ծալված արտեֆակտի ներսն ուսումնասիրելու համար օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիա (CT), որն առավել հաճախ օգտագործվում է բժշկական ախտորոշման համար: Պարզվել է, որ «Ֆրանկֆուրտի արծաթե գրությունը» հստակ քրիստոնեական ուղերձ է պարունակում:

Այս տեքստը կարևոր է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև լեզվով։ Թեև շատ վաղ քրիստոնեական արտեֆակտներ հունարեն կամ եբրայերեն գրություններ ունեին, այս համատեքստում լատիներենի գործածումը տարածաշրջանում զարգացած և կրթված քրիստոնեական համայնքի մասին է վկայում:

Հուռութքի հայտնաբերումը մի քանի տասնամյակ գերազանցում է հյուսիսային Եվրոպայում քրիստոնեության մասին նախկինում հայտնի արտեֆակտներից և տեքստային հղումներից, մոտավորապես 30-70 տարի շուտ, քան ամենավաղ ապացույցները, որոնք թվագրվում են մ.թ մոտ 300 թվականին: