Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային կիսագնդի քաղցրահամ ջրի ամենամեծ պահեստարանը համարվող Գրենլանդիայի սառցե վահանն այժմ կրիտիկական վիճակում է: Հաշվարկները ցույց են տալիս, որ անցյալ դարի ութսունական թվականներից այն կորցրել է ավելի քան մեկ տրիլիոն տոննա սառույց։

The Chrysosphere պարբերականն ընդգծել է, որ վերջին տասնամյակում այդ գործընթացը զգալիորեն արագացել է՝ վեց անգամ։ Միտումը տագնապալի է, նշել են Բյորքնեսի նորվեգական կլիմայական հետազոտական կենտրոնի փորձագետները:

Հետազոտողները հայտնաբերել են բեկումնային կետ՝ տարեկան մոտ 230 միլիարդ տոննա սառույցի կորուստ: Նման սցենարն իրական է, եթե գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա 3,4 աստիճանով, տեղեկացրել է Planet Today-ը։

Հայտնի է, որ արդեն այս տարի մոլորակի ջերմաստիճանային ֆոնը հատել է փարիզյան համաձայնագրով սահմանված 1,5 աստիճան Ցելսիուսի շեմը։

Օգտագործելով համակարգչային մոդելավորման ժամանակակից մեթոդները՝ փորձագետները վերլուծել են կլիմայի փոփոխության ազդեցությունը սառցե վահանի ծավալի եւ կառուցվածքի վրա։ Պարզվել է, որ առանցքային գործոններն են տարածքի բարձրությունը եւ ռելիեֆի առանձնահատկությունները։ Հալման գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ սառույցը մնա միայն զգալի բարձրությունների վրա: Վահանի արեւմտյան հատվածը կարող է հանդես գալ որպես կայունացնող գործոն։ Սակայն այս գոտու եւ ափամերձ տարածքների միջեւ կապի կորուստը կարող է աղետալի հետեւանքներ առաջացնել՝ սառցե զանգվածի ավելի քան 80 տոկոսի կորուստ:

Գրենլանդիայի սառցե վահանի հալչելը սպառնում է ոչ միայն ծովի մակարդակի բարձրացմանը, այլեւ օվկիանոսի աղիության փոփոխությանը, որը կարող է ճակատագրական լինել ծովային էկոհամակարգերի եւ ափամերձ բնակավայրերի համար: Եթե ​​սառցե վահանն ամբողջությամբ հալվի, ծովի մակարդակը կարող է բարձրանալ յոթ մետրով: