Գիտնականներն օգտագործել են և՛ իրենց հոտառությունը, և՛ գիտական ​​սարքերը, որպեսզի հասկանան, թե այսօր ինչ հոտ ունեն հին եգիպտական ​​մումիաները և որքանով են այդ հոտերն արտացոլում զմռսման ընթացքում օգտագործված նյութերը:

Նրանք ասում են, որ գաղափարն այն է, որ հոտի շնորհիվ ոչ ինվազիվ եղանակով կարելի է որոշել, թե որքան լավ է պահպանված մումիան՝ դրանով իսկ վերացնելով կոնկրետ մումիայից նմուշներ վերցնելու անհրաժեշտությունը:

«Ժառանգության մասնագետների տեսանկյունից, որոնք աշխատում են պատմական նյութերի հետ՝ առանց օբյեկտին դիպչելու և այն վերլուծելու, սա իսկապես նման է սրբազան Գրաալին», - ասում է Լյուբլյանայի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Մատիյա Ստրլիչը:

Ամերիկյան քիմիական ընկերության ամսագրում հրապարակված հոդվածում Ստրլիչը և նրա գործընկերները նկարագրել են, թե ինչպես են ուսումնասիրել Կահիրեի եգիպտական ​​թանգարանում պահվող ինը մումիա, որոնք թվագրվում են Նոր թագավորությունից մինչև հռոմեական ժամանակաշրջանը՝ մ.թ.ա. 1500 թ. մինչև մ.թ. 500թ.

Գիտնականների թիմը յուրաքանչյուր մումիայից օդը ներքաշելու համար օգտագործել է փոքր խողովակներ և պոմպեր: Յուրաքանչյուր նմուշ տոպրակից հանել է ութ վերապատրաստված փորձագետ, որոնք գնահատել են 13 տարբեր հոտերի ինտենսիվությունը:

Չնայած մումիաների հոտերը տարբեր են եղել, դրանք ընդհանուր առմամբ հաճելի են համարվել։

Ի թիվս այլ արդյունքների, հաստատվել է, որ ինը մումիաներից յոթը ունեցել են «փայտի» նուրբ հոտ, վեցը՝ «կծու», հինգը՝ «քաղցր», իսկ երեքը՝ «խնկաբույր»: Սակայն դրանցից մի քանիսը «հնացած, կծված» և անգամ բորբոսնած հոտ են ունեցել:

Գիտնականների թիմն այնուհետև օգտագործել է մի տեխնիկա, որը հայտնի է որպես գազային քրոմատոգրաֆիա-զանգվածային սպեկտրոմետրիա-օֆեկտոմետրիա՝ նմուշներում տարբեր ցնդող միացությունները հայտնաբերելու համար: Մեկուսացնելուց հետո այդ նյութերը նույնպես հոտոտել են որակավորված մասնագետները։

Գիտնականների թիմը պարզել է, որ մումիաների ընդհանուր հոտը պարտադիր չէ, որ համընկնի նյութերից ակնկալվող բույրերի հետ, ինչը ընդգծում է մարդու կողմից հոտի ընկալման բարդ բնույթը:

Նրանք ավելացրել են, որ այս առանձին բաղադրիչները ստացվել են չորս հիմնական աղբյուրներից՝ զմռսման գործընթացում օգտագործվող նյութերից, մանրէներից արտազատվող նյութերից, սինթետիկ թունաքիմիկատներից և վանող նյութերից, ինչպես նաև պահպանման համար օգտագործվող բուսական յուղերից: