ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո Եվրահանձնաժողովը հաստատել է, որ կասկածի տակ չի դնում Ռուսաստանի ագրեսոր երկիր լինելու փաստը։
Ինչպես հաղորդում է Европейская правда-ն, այս մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերը։
Եվրահանձնաժողովի պաշտոնյաներին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ Ուկրաինան «չպետք է պատերազմ սկսեր»։
«Միանգամայն պարզ է, թե ով է այս իրավիճակում ագրեսորը։ Պատերազմը հենց Ռուսաստանն է սկսել։ Սա շարունակությունն է այն ամենի, ինչ մենք ավելի վաղ տեսել ենք Վրաստանում, Սիրիայում, Ուկրաինայում։ Հետևաբար, այստեղ մեղավորը Ռուսաստանն է»,- նշել է Անիտա Հիփերը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը։
«Կարևոր է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, կարևոր է, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չմշակվեն առանց Ուկրաինայի և ԵՄ-ի մասնակցության։ Ուկրաինայի անվտանգությունը Եվրամիության անվտանգությունն է», - ավելացրել է Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Ստեֆան դե Կիրսմայքերը։





























