Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդիարովի հերթական հանդիպումը կկայանա Փարիզում, հունիսի 26-ին։ Այս մասին NEWS.am –ին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը։

Երկու հակամարտող երկրների արտգործնախարարները կխոսեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ Նալբանդյան-Մամեդիարով նախորդ բանակցություններն անցել են հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատերազմական փուլը սկսվել է 1991թվականին, երբ Արցախի բնակչության ինքնավարության պահանջին ի պատասխան՝ անձնագրային ռեժիմի ստուգման քողի տակ Ադրբեջանի իշխանությունները խորհրդային անվտանգության ուժերի օգնությամբ փորձեցին հարցը լուծել էթնիկ զտումների ճանապարհով։ Ադրբեջանը նախաձեռնեց ռազմական լայնամաշտաբ գործողություններ, որն հանգեցրեցին հազարավոր զոհերի ու նյութական հսկայական վնասների։ 1994 թվականին զինադադար կնքվեց։ Ներկայումս, հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսասանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, միջնորդությամբ՝ 2007թ նոյեմբերին նրանց առաջարկած մադրիդյան սկզբունքների հիման վրա։