«Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսը երբեմն զուտ որպես խոսք է ներկայացվում: Նման կարծիք  է հայտնել Հայաստանի Ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, նման մոտեցման հռչակումը հակասում է իրականությանը ոչ միայն հայերի պարագայում, այլ նաեւ հարեւան այլ երկրների դեպքում:

«Ուրիշ բան է, որ մեզ անհրաժեշտ է հասկանալ այդ կարգախոսի իմաստը: Այն ծառայեցվում է Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին եւ արտաքին քաղաքականության մեջ դրա դրսեւորումներին»,-նշել է փորձագետը: Ասելով, որ ցանկանում է «զրո խնդիր ունենալ հարեւանների հետ», Թուրքիան փաստացի խորհուրդ է տալիս հարեւաններին ունենալ «զրո խնդիր» հենց իր հետ, հավելել է փորձագետը:

«Բնական է, որ հարեւան երկրներից շատերը համամիտ չեն այդ քաղաքականության հետ, հետեւաբար, կարգախոսն այդպես էլ մնում է չիրագործված»,-հայտարարել է արեւելագետը: