2009 թվականին Ադրբեջանից Մեքքա ուխտագնացության կմեկնեն 2000 ուխտավորներ։ Ինչպես հայտնել է Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ուխտավորների պասիվության պատճառը կապված է խոզի գրիպի, ինչպես նաեւ ուխտավորների անպատրաստության հետ։

«Որոշ երկրներում մարդիկ գիտեն հաջի բոլոր պայմանները, թե ինչպես են ապրելու հաջի դառնալուց հետո։ Իսկ մեզ մոտ մարդիկ ուխտագնացության մեկնում են միանգամից։ Մենք դասընթացներ ենք անցկացրել այդ հարցերը պարզաբանելու համար, սակայն ոչ ոք չի եկել։ Կան նաեւ այնպիսի ուխտավորներ, որոնք հաջի ժամանակ առաջին անգամ են նամազ անում»,- ասել է Փաշազադեն։

Միաժամանակ նա նշել է, որ եթե խոզի գրիպի վտանգ լինի՝ ուխտագնացությունը կարող է հետաձգվել, սակայն, նրա կարծիքով, նման վտանգ ինքը չի տեսնում։

Նշենք, որ անցյալ տարի Ադրբեջանից ուխտի են մեկնել 6000 ուխտավորներ։