Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է համապատասխանի եվրոպական օրենսդրությանը, հայտարարել է այցով Կիև ժամանած Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, հաղորդում է Sky News-ը։
Ըստ նրա՝ Եվրոպան արդեն պայմանավորվել է Ուկրաինայի հետ, որ ցանկացած նոր համաձայնագիր պետք է համապատասխանի Եվրամիության օրենսդրությանը։
«Ի վերջո, սա մեր եվրոպական մայրցամաքն է»,-ասել է նա:
Միացյալ Նահանգները վերջերս Ուկրաինային է ներկայացրել հանքանյութերի մասին համաձայնագրի նոր տարբերակը՝ քննարկման համար։
Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, սա արդեն լիարժեք գործարք է, այլ ոչ թե շրջանակային համաձայնագիր, որը նախատեսվում էր կնքել ավելի վաղ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ փաստաթուղթը դեռ պետք է ուսումնասիրեն իրավաբանները։ Այն պարունակում է որոշ մանրամասներ, որոնք նախկինում երկու կողմերն էլ մերժել էին։
Զելենսկին միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան չի ստորագրի համաձայնագիրը, եթե այն Ուկրաինայի համար ԱՄՆ-ի առջև որևէ պարտավարություն նախատեսի։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ գործարքը չի ստորագրվի նույնիսկ այն դեպքում, եթե այն սպառնա Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։





























