«Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, որոնց համաձայն՝ օտարերկրյա դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է կառավարության կամ կոնկրետ լիազորված անձի, որին նույնպես կորոշի Վրաստանի կառավարությունը, համաձայնությունը, հայտնել է SOVA-ն։
Առանց իշխանությունների համաձայնության դրամաշնորհի ստացումն արգելվելու է եւ կենթադրի պատասխանատվություն։ Փոփոխությունների հեղինակը «Վրացական երազանքն» է։
Օրինագիծը կքննարկվի եւ կընդունվի արագացված կարգով։ Նախագծով 10-օրյա ժամկետ է սահմանվելու դրամաշնորհ տրամադրելու համաձայնությունը հայտնելու համար, իսկ կառավարության որոշումը բողոքարկելը չի դադարեցնի դրա ազդեցությունը։
Հակակոռուպցիոն բյուրոն վերահսկելու է նաեւ արգելված դրամաշնորհների տրամադրումն ու ստացումը։ Բացի այդ, չարտոնված դրամաշնորհ ստանալը դրամաշնորհ ստացողի համար կհանգեցնի տուգանքի՝ խնդրո առարկա դրամաշնորհի կրկնապատիկի չափով:
Օրինագիծը սահմանում է նաեւ բացառություններ, մասնավորապես, կառավարության պարտադիր համաձայնությունը չի տարածվում այն դրամաշնորհների վրա, որոնք տրվում են միջազգային մարզական ասոցիացիաների, ֆեդերացիաների եւ կոմիտեների կողմից, անհատական թոշակների վրա, որոնք տրվում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստանալու եւ գիտական աշխատանքի համար Վրաստանի սահմաններից դուրս, ինչպես նաեւ Վրաստանում գործող միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով դիտարկել եւ ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքի փոփոխությունները։ Այն բանից հետո, երբ այն ուժի մեջ մտնի, կստեղծվի պետական գործակալություն (հանրային իրավունքի իրավաբանական անձ), որն իրավունք կունենա դրամաշնորհներ տալ ՀԿ-ներին։




























