Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետեւանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95, Tu-22M3 եւ Tu-160, հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր հեռագրում։

«Թշնամական ռմբակոծիչների ոչնչացումը խնդիր է, որը մեր առջեւ դրել է Ուկրաինայի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Մալյուկը։

Նա ավելացրել է, որ Զելենսկին անձամբ է վերահսկել հատուկ գործողության ընթացքը, իսկ Մալյուկն ինքը ղեկավարել է այն։

«Ընդհանուր առմամբ, խոսքը Ռուսաստանի գլխավոր օդանավակայաններում ռազմավարական թեւավոր հրթիռային կրիչների 34 տոկոսի ոչնչացման մասին է»,- նշել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը։ BBC-ն չի կարողացել օպերատիվ կերպով ստուգել այս գնահատականը։

«Պատերազմի օրենքներին եւ սովորույթներին համապատասխան՝ մենք աշխատել ենք բացարձակապես օրինական թիրախների՝ ռազմական օդանավակայանների եւ մեր խաղաղ քաղաքները ռմբակոծող ինքնաթիռների ուղղությամբ»,- ավելացրել է Մալյուկը։

Ավելի վաղ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին առընթեր դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել էր, որ հարձակման հետեւանքով ոչնչացվել է 13 ինքնաթիռ։

ՌԴ ՊՆ-ն կիրակի՝ հունիսի 1-ին հաստատել է ռուսական ռազմական օդանավակայանների դեմ ուկրաինական գրոհի փաստը՝ հայտնելով «մի քանի միավոր ավիացիոն տեխնիկայի այրման» մասին, բայց հասցված վնասի մասին որեւէ մանրամասն չի ներկայացրել։