Ռուսաստանի օկուպացրած Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը վերսկսելու պայմաններ ներկայում չկան սառեցման համար ջրի պակասի և կայուն էլեկտրաէներգիայի մատակարարման բացակայության պատճառով, երեքշաբթի հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Կիևում Reuters գործակալությանը տված հարցազրույցում Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը, որը ներկայում փակ է, վերագործարկելու համար անհրաժեշտ կլինի Դնեպր գետից ջուր դուրս մղել։

Ուկրաինայի հարավային Զապորոժիե շրջանում տեղակայված օբյեկտը Ռուսաստանի վերահսկողության տակ անցավ 2022 թվականի մարտին, Ուկրաինայում պատերազմի սանձազերծումից կարճ ժամանակ անց։

Գրոսսին նշել է, որ «ռուսները երբեք չեն թաքցրել այն փաստը», որ ցանկանում են վերագործարկել գործարանը, բայց մոտ ապագայում դա չեն կարողանա անել։

«Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ այն վերագործարկվի։ Ընդհակառակը, դա բավականին երկար ժամանակ կպահանջվի նախքան դա հնարավորև կլինի անել», -ետել է ԱԷՄԳ- գլխավոր տնօրենը։

Գրոսսին հավելել է, որ կայանի սարքավորումները, որոնք երեք տարի չեն շահագործվել, ցանկացած վերագործարկումից առաջ պետք է մանրակրկիտ ստուգվեն։

Ուկրաինան հայտարարել է, որ գործարանը վերագործարկելու ռուսաստանցի մասնագետների փորձը վտանգավոր կլինի, քանի որ նրանք Զապորոժիեի գործարանը շահագործելու հավաստագիր չունեն։

Իր հերթին ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է, որ ռուսական միջուկային անձնակազմն ի վիճակի է վերագործարկել այն, և որ հավաստագրման հարցը քաղաքական է, այլ ոչ թե՝ տեխնիկական։

Ուկրաինան միաժամանակ բողոք է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիթորինգային առաքելությունը կայան է այցելել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքով։

Գրոսսին նշել է, որ դա արվել է իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, և որ ինքը ներկայում ռուսական կողմից անհրաժեշտ երաշխիքներ չունի ԱԷՄԳ-ի աշխատակիցների առաջնագծից Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք անվտանգ տարանցման համար, ինչպես դա մի քանի անգամ արվել է ավելի վաղ։