Ռումինիայում Բուխարեստ-Կրայովա մայրուղու վրա 35 բենզինի ցիստեռնով բեռնատար գնացք է ռելսերից դուրս եկել, երկաթուղային երթևեկությունն արգելափակված է, շաբաթ օրը հայտնում են ռումինական լրատվամիջոցները, այդ թվում՝ Digi24 հեռուստաալիքը։
«Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ լույս շաբաթ գիշերը Մելդեն բնակավայրի մոտ։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և երկու ցիստեռն, որոնցից մեկը վնասվել է՝ առաջացնելով վառելիքի արտահոսք։ Վթարի վայրը գտնվում է բնակելի տներից 1,5 կիլոմետր և DN6 ազգային ճանապարհից 1,1 կիլոմետր հեռավորության վրա։ Բարձր ջերմաստիճանի պատճառով հրշեջները պարբերաբար հովացնում են վնասված վագոնը», - նշում է հեռուստաալիքը։
Դեպքի վայրում աշխատում են երկու հրշեջ մարտական հաշվարկ, վթարի հետևանքների վերացման համար նախատեսված հատուկ տեխնիկա և քիմիական պաշտպանության մեքենա։ Գնացքների երթևեկությունը և էլեկտրամատակարարումը միջադեպի վայրում դադարեցված են։
Գնացքի բոլոր 35 վագոնները բեռնված են եղել բենզինով։ Բնապահպանական ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացվել են միջադեպի մասին՝ շրջակա միջավայրի հնարավոր աղտոտումը վերահսկելու համար։