Արիզոնա նահանգում Ներգաղթի և մաքսային վերահսկողության ոստիկանության (ICE) գործակալները սխալմամբ ձերբակալել են ԱՄՆ մարշալի տեղակալին, ուրբաթ օրը հայտնել են պաշտոնյաները։

Մարշալի տեղակալին կարճ ժամանակով ձերբակալել են Թուսոնի դաշնային շենքի նախասրահում, քանի որ նա «համապատասխանել է ICE-ի կողմից փնտրվող անձի ընդհանուր նկարագրությանը», ասվում է ԱՄՆ Մարշալների ծառայության ներկայացուցչի՝ ուրբաթ օրը NBC News-ի տարածած հայտարարության մեջ։ Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել միջադեպը, չի նշվում։

«Իրավապահ մարմինների այլ աշխատակիցներն արագորեն հաստատել են ԱՄՆ մարշալի տեղակալի ինքնությունը, և նա առանց միջադեպերի հեռացել է շենքից», - ասել է ԱՄՆ Մարշալների ծառայության ներկայացուցիչ Քոլին Գրեյմանը։
ԱՄՆ Մարշալների ծառայությունը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել և չի նշել ձերբակալված մարշալի տեղակալի անունը։

Այս շաբաթվա սկզբին ICE-ի գործակալները մեկ օրում կատարել են ներգաղթյալների ամենամեծ թվով ձերբակալությունները՝ երեքշաբթի օրը ձերբակալելով ավելի քան 2200 մարդու, ըստ ձերբակալություններին ծանոթ աղբյուրի և ICE-ի ներկայացուցչի, որը հաստատել է այս թվերը, քանի որ գործակալությունն արձագանքում է Սպիտակ տան ճնշմանը, որը պահանջում է ձերբակալությունների թվի արագ և կտրուկ աճ։