Հայկական բիզնեսը շահագրգռված չէ կապիտալի շուկայի զարգացման հարցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` ընկերությունների կողմից ֆոնդային բորսաներում ցուցակագրվելու ցանկության բացակայությունը կապված է ստվերային շրջանառության եւ եկամուտների հետ, որոնց առկայության պարագայում վերանում է պարտատոմսերի թողարկման եւ վաճառքի անհրաժեշտությունը:
«Նման ցանկության բացակայությունը կապված է նաեւ կորպորատիվ մշակույթի թույլ զարգացած լինելու հետ: Նման մշակույթի օրինակ կարող էր տալ պետությունը, սակայն ցավոք սրտի դա չի արել` հնարավորություն տալիվ բիզնեսին կենտրոնանալ իր ակտիվների վրա», - ասել է Մինասյանը: Դրա համար էլ այսօր, նշել է նա, ընկերությունների մեծամասնությունն ունի կամ քիչ քանակությամբ բաժնետերեր, կամ էլ ազդեցիկ փոքրամասնության վերահսկողության ներքո գտնվող բազմաթիվ բաժնետերեր: «Առանձին դեպքերում խոշոր բաժնետերը դուրս է մղում փոքրամասնությանը նույնիսկ դատական կարգով, միայն թե նրան հաշվետու չլինելու համար, նույնիսկ եթե որոշում կայացնելու գործում նրանք իրենց ազդեցությունն ունեն», – նշել է պատգամավորը: Ըստ նրա` առանց սեփականության եւ բաժնետերերի շահերի պաշտպանության կորպորատիվ մշակույթ հնարավոր չի ձեւավորել: Նրա բացակայությունն էլ հենց վանում է օտարերկրյա հնարավոր ներդրողներին: «Նման պայմաններում ոչ մի ընկերություն չի ցանկանա Հայաստանում ներդրում կատարել», – ավելացրել է պատգամավորը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է Nasdaq OMX ֆոնդային բորսան, որտեղ 11 ընկերությունների արժեթղթեր են ներկայացված: Նրանց ընդհանուր կապիտալիզացիան 2010թ. Արդյունքներով կազմել է 52,6 մլրդ դրամ (այն ժամանակվա փոխարժեքով`շուրջ 145 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի ընդամենը 1,5%-ը:



























