Թերթը գրում է. «Կփոխվի՞ այս տարի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ Այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ասելու, որ հազիվ թե նման բան կատարվի։

Հայտնի է, որ այդ առումով գոնե առայժմ բանակցություններ չեն ընթանում։ Ավելին՝ տարեվերջին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ ռուսական կողմից որեւէ դիմում չեն ստացել։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարի եւս Հայաստանին մատակարարվող երկնագույն վառելիքի գինը կմնա անփոփոխ։ Այժմ սահմանի վրա հազար խոր. մետր գազը Հայաստանը ձեռք է բերում 180 դոլարով։

Սովորաբար մատակարարվող գազի գնի ձեւավորման վերաբերյալ բանակցությունները սկսվում են տարեվերջին։ Հիշեցնենք, որ անցած տարի միայն տեւական բանակցություններից հետո հաջողվեց անփոփոխ պահել Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Այս անգամ նման գործընթաց սկսված չէ։ Եթե հաշվի առնենք, որ հնարավոր փոփոխության դեպքում շատ քիչ ժամանակ է մնում, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատի նոր սակագները, ապա կարելի է ասել, որ այն հազիվ թե սկսվի։

Ինչպես հայտնի է, հնարավոր փոփոխության դեպքում ներքին սպառման սակագները պետք է գործողության մեջ մտնեն ապրիլի 1-ից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ առնվազն մինչեւ մարտի 1-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատի նոր սակագները։

Այլ կերպ ասած, դրա համար կա ընդամենը մեկուկես ամիս ժամանակ։ Այն դեպքում, երբ սովորաբար հանձնաժողովին սակագնային հայտերը գնահատելու եւ որոշում կայացնելու համար տրվում է մինչեւ 90 օր ժամանակ։

Ներմուծվող գազի նոր թանկացումը բնականաբար կհանգեցնի նաեւ ներքին սակագների բարձրացման, լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգի վրա։ Առանց այն էլ վերջին թանկացումը հանգեցրեց երկնագույն վառելիքի սպառման ծավալների կտրուկ անկման։ Իհարկե դրան նպաստեց նաեւ երկրի տնտեսական կացության վատթարացումը՝ պայմանավորված առաջին հերթին համաշխարհային գործընթացներով։

Գազի սակագնի վերջին բարձրացման հետեւանքով նվազեցին հատկապես բնակչության կողմից սպառվող գազի ծավալները։ Պատահական չէ, որ անցած տարի կառավարությունը փորձեց որոշակի զեղչային արտոնություն տրամադրել բնակչության անապահով խավերին։ Սակայն դա էլ չէր կարող էապես փոխել կացությունը։

Շատ բնակավայրերում վերջին թանկացումից հետո երկնագույն վառելիքը դադարեց օգտագործվել ջեռուցման նպատակներով։ Մարդիկ վերադարձան նախկին ավանդական եղանակներին։ Հատկանշական է, որ այդ միտումները շարունակում են խորանալ նաեւ գազի վերջին թանկացումից նույնիսկ երկու տարի անց։

Այս պայմաններում սակագների նոր բարձրացումը էլ ավելի կխորացնի համակարգում ի հայտ եկած բացասական զարգացումները։ Այն կարտահայտվի առաջին հերթին իրացման ծավալների կրճատման տեսքով։ Մյուս կողմից՝ սպառման նվազումը կմեծացնի ճնշումը սակագների վրա։

Սրանք փոխկապակցված երեւույթներ են, որոնք մշտապես պետք է լինեն հավասարակշիռ վիճակում։ Այլապես մեկի ճնշման մեծացումը ազդելու է մյուսի վրա»։