Դանիայի Օրհուսի համալսարանի գիտնականները եզակի «կենդանի» բետոն են մշակել, որն ի վիճակի է ոչ միայն կատարել իր հիմնական գործառույթը՝ ամրացնել կառուցվածքները, այլև էլեկտրական էներգիա կուտակել։

Դրա համար բետոնի մեջ ներմուծվել են Shewanella oneidensis մանրէներ, որոնք իրենց բջիջներից դուրս էլեկտրոններ տեղափոխելու ունակությամբ են օժտված։ Այդ միկրոօրգանիզմները կազմում են լիցքի կրիչների ցանց, որը բետոնին հնարվորություն է տալիս գործել որպես գերէլեկտրակուտակիչ։

Գիտնականները նոր հայտնագործության մասին գրել են Cell Reports Physical Science գիտահանրամատչելի հանդեսում։

Ուշագրավ է, որ նույնիսկ մանրէների մահից հետո բետոնը պահպանում է իր էլեկտրական հատկությունները։ Սննդանյութեր, մասնավորապես՝ սպիտակուցներ, վիտամիններ և աղեր մատակարարելիս, միկրոօրգանիզմները վերականգնում են իրենց ակտիվությունը՝ վերադարձնելով բետոնին իր հզորությանը։ Որոշ դեպքերում հնարավոր է վերականգնել սկզբնական հզորության շուրջ 80%-ը։

Այս մոտեցումը զգալի առաջընթաց է կայուն շինանյութերի ոլորտում։ Ի տարբերություն ավանդական լիթիում-իոնային մարտկոցների, որոնք օգտագործում են հազվագյուտ և թանկարժեք նյութեր, նոր բետոնը հիմնված է մատչելի և էժան բաղադրիչների վրա։ Բացի դրանից, այն կարող է գործել ծայրահեղ պայմաններում, ներառյալ՝ թե՛ ցածր, թե՛ բարձր ջերմաստիճաններում։

Նման բետոնի կիրառման հնարավորությունները լայն են։ Այն կարող է օգտագործվել շենքերի, կամուրջների և այլ ենթակառուցվածքային շինությունների կառուցման ոլորտում, որտեղ պատերն ու հիմքերը ոչ միայն կպահեն կառույցները, այլև որպես էներգիայի աղբյուրներ կծառայեն։ Օրինակ, նման պատերը կարող են կուտակել արևային վահանակներից ստացված էներգիան՝ ինքնավար էլեկտրամատակարարում ապահովելով։

Թեև տեխնոլոգիան դեռևս զարգացման վաղ փուլում է, այն նոր հորիզոններ է բացում «խելացի» և ինքնաբուժվող շենքերի ստեղծման համար, որոնք կարող են հարմարվել փոփոխվող պայմաններին և կարիքներին։