Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ խաղաղության և երկխոսության կոչերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության պայմաններում կարևոր են դիվանագիտական գործընթացի հաջողության համար։
Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պապ Լևոն XIV-ի հետ համատեղ ելույթի ժամանակ, որը կազմակերպվել էր Պապի Անկարա այցի շրջանակում, հաղորդել է Անադոլու գործակալությունը:
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցմանն ուղղված վերջին քայլերին և ձգտում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս գործընթացին։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի այցի ընթացքում հնչած ուղերձները «կամրապնդեն խաղաղության հույսերը թուրք-իսլամական և քրիստոնեական աշխարհագրությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում»։
Նա նշել է, որ այցը համընկել է տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների չափազանց նշանակալի պահի հետ։
Խոսելով Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Իսրայելը «հարձակվում է Պաղեստինի էքսկլավի քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես եկեղեցիների և մզկիթների վրա»։ «Նման պաշտամունքի վայրերից մեկը Սուրբ Ընտանիքի եկեղեցին է»,- ասել է նա։
Նա նշել է, որ «մարդկության մեծագույն պարտականությունը պաղեստինյան ժողովրդի նկատմամբ արդարությունը վերականգնելն է՝ իրականացնելով երկու պետությունների տեսլականը 1967 թվականի սահմաններով»։
Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել Երուսաղեմում «պատմական ստատուս քվոն պահպանելու գերագույն կարևորության» վրա։
Նա նաև ափսոսանք է հայտնել Արևմտյան երկրներում «իսլամաֆոբիայի սրման» համար։ «Անհանդուրժողականությունը հրահրում է հակամարտություններ, իսկ հակամարտությունները ծնում են առճակատում և ատելություն։ Արևմուտքում իսլամաֆոբիայի և քսենոֆոբիայի աճն այս արատավոր շրջանի դրսևորում է», - ասել է նա։
Էրդողանը Հռոմի պապ Լևոն XIV-ի այցը Թուրքիա անվանել է չափազանց կարևոր քայլ, որն ամրապնդում է Անկարայի և Վատիկանի ընդհանուր դիրքորոշումը։




























