Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում հավանություն տվեց Երևանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրին, որը պետք է իրականացվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ գրունտների մշակում, հողային աշխատանքների, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում, հին նստարանների ու աղբամանների ապամոնտաժում և նորերի տեղադրում, բազալտե և տուֆե սալիկների, ինչպես նաև եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման անձրևատարի կառուցում բազալտե սալերով, թեքահարթակների երեսպատում, ասֆալտի շերտի թարմացում, դիտահորերի նիշերի ուղղում, ոռոգման ցանցի կառուցում, ծառերի բնաբաժակների տեղադրում, ինչպես նաև կանաչ գոտիների ընդլայնում:

Նշված հատվածի աշխատանքների իրականացման համար արդեն իսկ մշակվել է նախագծանախահաշվային փաթեթ՝ համաձայն որի նախահաշվային արժեքը կազմում է 477 մլն 107 հազար դրամ։

Վերանորոգման աշխատանքների մեկնարկն ու ավարտը նախատեսվում է 2026 թվականին:

«Այս որոշման արդյունքում կապահովվի Ամիրյան փողոցի երկկողմանի մայթերի լիարժեք վերականգնումը՝ ապահովելով անվտանգ, հարմարավետ և գեղագիտական միջավայր, կբարձրանա քաղաքի զբոսաշրջային գրավչությունը, կբարելավվի սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց մատչելիությունը»,–ասված է հիմնավորման մեջ։