Ֆլորիդայում ամուսնական զույգը դատական հայց է ներկայացրել բեղմնավորման կլինիկայի դեմ՝ պարզելով, որ իրենց ունեցած աղջիկը իրենց կենսաբանական երեխան չէ, հաղորդում է People-ը։
Կինը ենթարկվել է արտամարմնային բեղմնավորման և 2025 թվականի դեկտեմբերին երեխա է ունեցել, որի արտաքին տեսքը զգալիորեն տարբերվում էր իր ծնողների տեսքից։ ԴՆԹ թեստը հաստատել է, որ զույգի և երեխայի միջև գենետիկ կապ չկա։
Զույգը եզրակացրել է, որ սաղմի փոխանցման ժամանակ սխալ է թույլ տրվել։ Հայցում նաև նշվում է, որ իրենց սաղմերը հնարավոր է փոխանցվել կլինիկայի այլ հիվանդների։
Զույգը պահանջում է, որ բոլոր հաճախորդները, որոնց սաղմերը պահվել են կլինիկայում, տեղեկացվեն, ինչպես նաև անցկացվի անվճար գենետիկական թեստավորում վերջին հինգ տարիների ընթացքում։ Նրանք նաև մտադիր են գտնել աղջկա կենսաբանական ծնողներին։ Զույգը ընդգծել է, որ իրենք արդեն կապված են երեխայի հետ՝ չնայած արյունակցական կապի բացակայությանը։
Կլինիկան հայտարարել է, որ համագործակցում է քննության հետ՝ միջադեպի պատճառը պարզելու համար։




























