1000-ից ավելի ցուցարարներ, որոնցից շատերը ներկայացնում էին Հունգարիայի գնչուական համայնքը, շաբաթ օրը երկրի մայրաքաղաք Բուդապեշտում ցույց են անցկացրել՝ պահանջելով կառավարության առանցքային նախարարի հրաժարականը՝ սադրիչ մեկնաբանությունների պատճառով, որոնք շատերը համարել են ռասիստական, հայտնում է Associated Press-ը։

Ցուցարարները հավաքվել էին վարչապետ Վիկտոր Օրբանի աջակողմյան պոպուլիստական կառավարության առանցքային նախարար Յանոշ Լազարի գրասենյակի մոտ։ Նրանք պահանջել են Լազարի ներողությունը և նրա հրաժարականը։

«Ցավոք, մեզ միշտ ներշնչել են, որ մենք երկրորդ կարգի քաղաքացիներ ենք, – ասել է ցուցարարներից մեկը՝ Իշտվան Սոլտեշը, գնչուական համայնքի անդամը, որը եկել էր Հունգարիայի հարավից՝ մասնակցելու բողոքի ակցիային։- Մեզանից շատերը նաև իրենց դերն են խաղացել  համաշխարհային պատերազմներում, հեղափոխություններում, երկրի կառուցման գործում։ Բայց մեզ միշտ պարզապես նվաստացրել են», – շարունակել է նա։

Հունգարիայի գնչուական բնակչությունը, որը որոշ գնահատականներով կազմում է մոտ 1 միլիոն մարդ կամ երկրի ընդհանուր բնակչության ավելի քան 10 տոկոսը, ամենամեծ, բայց նաև ամենաշատ մարգինալացված փոքրամասնությունն է։

Գնչուները ավանդաբար բախվում են աղքատության, համակարգային խտրականության, սեգրեգացիայի և երբեմն էլ՝ ռասայական հողի վրա բռնության։

Լազարի մեկնաբանություններն առաջացրել են բուռն արձագանք և մտահոգություն կառավարությունում, որ դրանք կարող են հիասթափեցնել գնչու ընտրողներին, որոնք սովորաբար Օրբանի «Ֆիդես» կուսակցության վստահելի ընտրազանգվածն են՝ ընդամենը 10 շաբաթ առաջ մինչև ապրիլի 12-ին նշանակված ընտրությունները։

Որոշ հայտնի գնչու առաջնորդներ և հայտնի մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնել սոցիալական ցանցերում, իսկ գնչուական ակտիվիստների և ցուցարարների խումբն այս շաբաթ խափանել է Լազարի հերթական ֆորումը՝ պահանջելով նրա հրաժարականը։ Լազարը հրապարակային ներողություն է խնդրել, թեև հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։

«Տիսա» կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Պետեր Մադյարը նույնպես դատապարտել է Լազարի հայտարարությունները։