Ղրղզստանում նախատեսվում է օրենսդրորեն արգելել փաստաթղթերում սեռի փոփոխությունը և նմանատիպ վիրահատությունների իրականացումը: Պատգամավոր Մարլեն Մամատալիևի հեղինակած համապատասխան օրինագիծը տեղադրվել է հանրապետության խորհրդարանի կայքում՝ հանրային քննարկումների բաժնում:
«Օրենքի նախագիծը... մշակվել է ընտանիքի ինստիտուտի և ժողովրդագրական անվտանգության պաշտպանության, Ղրղզստանի Հանրապետության ազգային-մշակութային ինքնության և ավանդական արժեքների պահպանման նպատակով», - նշված է օրինագծի հիմնավորման մեջ:
Փաստաթղթում պնդվում է, որ ներկայումս Ղրղզստանի օրենսդրության մեջ առկա է իրավական բաց, ինչը նախադրյալներ է ստեղծում բժշկական տեղեկանքների հիման վրա քաղաքացիական կացության ակտերում և որպես հետևանք՝ քաղաքացիների անձնագրերում սեռի վերաբերյալ գրառումը փոխելու համար:
«Այս պրակտիկան ոչ միայն չունի պատմական և մշակութային արմատներ ղրղզական հասարակությունում, այլև համակարգային ռիսկեր է պարունակում ժողովրդագրական քաղաքականության, հանրային բարոյականության, ազգային անվտանգության և պետության կայուն զարգացման համար», — ընդգծվում է հիմնավորման մեջ:
Նախաձեռնողն առաջարկում է օրենսդրության մեջ կատարել փոփոխություններ, որոնք սահմանում են, որ ֆիզիկական անձի սեռը որոշվում է բացառապես ծննդյան պահին արձանագրված կենսաբանական հատկանիշների հիման վրա: Ըստ օրինագծի՝ փաստաթղթերում սեռի փոփոխությունը և համապատասխան բժշկական վիրահատությունների իրականացումը պետք է արգելվեն:
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է նույնասեռ ամուսնությունների արգելք և ամրագրում է, որ երեխայի մայր կարող է ճանաչվել միայն կենսաբանական կինը, իսկ հայր՝ կենսաբանական տղամարդը: Առանձին կետով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությանը վերաբերող օրենսդրության մեջ: Այսպես, պատգամավորն առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում ներառել դրույթ այն մասին, որ ծնողները պետք է դաստիարակեն երեխաներին խստորեն իրենց կենսաբանական սեռին համապատասխան, իսկ երեխաների սեռական ինքնագիտակցության փոփոխմանն ուղղված ցանկացած գործողություն արգելվում է:
««Էրկեկ» (տղամարդ) և «այալ» (կին) հասկացությունները ղրղզական մշակույթում ունեն հիմնարար, բինար և ամուր բնույթ, ինչն իր ուղղակի արտացոլումն է գտնում Ընտանեկան օրենսգրքում: Օրենսդիրը հստակ սահմանում է ազգանունների կազմությունը՝ օգտագործելով «ուուլու» (որդի) և «կիզի» (դուստր) բառերը, ինչը խստորեն կապված է ծննդյան պահին առկա կենսաբանական սեռի հետ և ընդգծում է տոհմի շարունակականությունը՝ ղրղզների ավանդական աշխարհայացքի առանցքային հասկացություններից մեկը: Սեռի վարչական փոփոխության հնարավորությունը խաթարում է այս մշակութային-իրավական հիմքերը, հակասություններ է ստեղծում ազգակցական համակարգում և հարցականի տակ դնում անհատի ինքնությունը ազգային ավանդույթների համատեքստում», — պնդում է նախաձեռնողը:




























