Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հանդիպել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, հայտնում է AFP-ը։

Ռուբիոն X սոցիալական ցանցում հրապարակել է իրենց լուսանկարը։

«Հանդիպեցի Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի անվտանգության հարցերը և պաշտպանական ու տնտեսական գործընկերության խորացումը քննարկելու համար։ Նախագահ Թրամփը ցանկանում է լուծում գտնել, որը վերջնականապես կդադարեցնի արյունահեղությունը», – գրել է նա։

Զելենսկին իր հերթին հաղորդել է սոցիալական ցանցում, որ հանդիպման ընթացքում Ռուբիոյին «տեղեկացրել է ռազմաճակատում իրավիճակի, ռուսաստանյան հարվածների և Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա դրանց ազդեցության մասին»։

«Մենք նաև մանրամասն քննարկեցինք դիվանագիտական գործընթացը և եռակողմ հանդիպումները։ Չափազանց կարևոր է, որ Ժնևում նախատեսված բանակցություններն արդյունավետ լինեն, և ես շնորհակալ եմ ԱՄՆ-ին նրանց կառուցողական մոտեցման համար», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ նա երախտապարտ է ԱՄՆ-ին աջակցության համար։

Մեկ այլ գրառմամբ Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի հետ նախատեսվող բանակցությունների նախօրեին։

«Ես զրուցեցի նախագահ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ Ժնևում նախատեսված եռակողմ հանդիպումների նախօրեին։ Մենք ակնկալում ենք, որ հանդիպումները իսկապես արդյունավետ կլինեն», – ասել է Զելենսկին։

Այս շաբաթ Ժնևում նախատեսված բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած երկու փուլային բանակցություններից հետո։