ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը կսկսի երկօրյա այցը՝ Սլովակիայի և Հունգարիայի հետ կապերն ամրապնդելու նպատակով, որոնց պահպանողական առաջնորդները, հաճախ հակասության մեջ լինելով Եվրամիության այլ երկրների հետ, պահպանում են ջերմ հարաբերություններ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Reuters-ը։
Ինչպես հայտնել էր Պետքարտուղարությունն իր անցած շաբաթվա հայտարարությունում, Ռուբիոն այցի ընթացքում կքննարկի էներգետիկ համագործակցությունը և երկկողմ հարցերը, ներառյալ ՆԱՏՕ-ի պարտավորությունները։
«Սրանք երկրներ են, որոնք մեզ շատ են աջակցում, ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, շատ սերտորեն աշխատում են մեզ հետ, և սա լավ հնարավորություն է տեսնելու նրանց և այդ երկու երկրները, որտեղ ես երբեք չեմ եղել», – հինգշաբթի լրագրողներին ՝ է ասել Ռուբիոն՝ Եվրոպա մեկնելուց առաջ։
Ռուբիոն, որը միաժամանակ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, կիրակի օրը Բրատիսլավայում կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, որն անցած ամիս այցելել էր Թրամփին Ֆլորիդայում։
Ամերիկացի դիվանագետի այցը հետևում է նրա մասնակցությանը Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի էր ունեցել վերջին օրերին։
Սպասվում է, որ երկուշաբթի Ռուբիոն կհանդիպի Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանին, որը հարցումների մեծ մասում զիջում է՝ ապրիլին կայանալիք ընտրություններից առաջ, որոնցում նա կարող է կորցնել իշխանությունը։
«Նախագահն ասել է, որ շատ է աջակցում նրան, և մենք նույնպես, – ասել է Ռուբիոն։ – Բայց, հայտնի է, որ մենք պատրաստվում էինք իրականացնել այս այցը որպես երկկողմ»։
Օրբանը, Թրամփի ամենամերձավոր եվրոպացի դաշնակիցներից մեկը, ամերիկացի բազմաթիվ ծայրահեղ աջերի կողմից դիտարկվում է որպես ԱՄՆ նախագահի կոշտ քաղաքականության օրինակ՝ ներգաղթի, ընտանիքների աջակցության և քրիստոնեական պահպանողականության հարցերում։ Բուդապեշտում բազմիցս անցկացվել են պահպանողական քաղաքական գործիչների համաժողովներ, որոնցում մասնակցում են պահպանողական ակտիվիստներ և առաջնորդներ, իսկ հերթական համաժողովը նախատեսված է մարտին։
Ե՛վ Ֆիցոն, և՛ Օրբանը բախվել են ԵՄ ինստիտուտների հետ՝ կապված ժողովրդավարական կանոններից շեղումների հետաքննությունների հետ։ Նրանք նաև պահպանում էին կապեր Մոսկվայի հետ, քննադատում և երբեմն հետաձգում ԵՄ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ և հանդես էին գալիս Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելու դեմ։





























