Մոսկվայի ագրեսիվ մտադրությունները «տարածվում են Ուկրաինայում առկա հակամարտությունից այն կողմ»։ Դրա մասին ասված է Բունդեսվերի գլխավոր տեսուչ (համարժեք է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին) Կարստեն Բրոյերի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ավիացիայի գլխավոր մարշալ Ռիչարդ Նայթոնի համատեղ հոդվածում։ Հոդվածը հրապարակվել է The Guardian և Die Welt պարբերականներում։

«Նրա (Ռուսաստանի -խմբ.) զինված ուժերը վերազինվում են և դասեր են քաղում Ուկրաինայում պատերազմից՝ վերակազմակերպվելով այնպես, որ կարող է մեծացնել ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտության ռիսկը»,- գրում են Բրոյերը և Նայթոնը։ Նրանց կարծիքով՝ դա արտացոլում է Կրեմլի աճող ռազմական հզորությունը և նրա պատրաստակամությունը «պատերազմ մղել մեր մայրցամաքում»։

2025 թվականի Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները պարտավորվեցին մինչև 2035 թվականը պաշտպանության և անվտանգության վրա ծախսել իրենց երկրների Համախառն ներքին արդյունքի 5%-ը: Դա արտացոլում է անվտանգության նոր իրականությունը և պահանջում է, որ դաշինքի բոլոր անդամները դժվար որոշումներ ընդունեն և առաջնահերթություն տան պետական ​​ծախսերին, ընդգծվում է հոդվածում։

«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ զսպումը չի գործում, երբ հակառակորդները պառակտվածություն և թուլություն են զգում»,- շարունակում են հոդվածի հեղինակները: Եթե Ռուսաստանը հավատա, որ այդ բնութագրերը վերաբերում են Եվրոպային, Մոսկվան «կարող է համարձակվել իր ագրեսիան տարածել Ուկրաինայից այն կողմ», - եզրակացնում են զորապետները։

Բեռլինը և Լոնդոնը եվրոպացիներին կոչ են անում ամրապնդել պաշտպանական համագործակցությունը: 2024 թվականի հոկտեմբերին երկու երկրներն էլ ստորագրեցին Trinity House Agreement-ը, գրում է DW-ն: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն Գերմանիայի և Միացյալ Թագավորության արդյունաբերության և զինված ուժերի միջև։

Կողմերը մտադիր են ինտեգրել ՀՕՊ համակարգեր և նոր հեռահար զենքեր մշակել, որոնք կարող են խոր հարված հասցնել թշնամու տարածքին, գրում է Reuters-ը։

dpa-ի տվյալներով՝ համաձայնագրերը ներառում էին նաև գերմանական հետախուզական ինքնաթիռների տեղակայումը Շոտլանդիայում, որտեղից զինվորականները կկարողանան վերահսկել Հյուսիսատլանտյան օվկիանոսը և սուզանավերը: Այդ միջոցառումը նախատեսված է ստորջրյա մալուխները դիվերսիաներից ավելի լավ պաշտպանելու համար։