Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Հայաստանում անցկացվող Ժամանակակից երաժշտության փառատոնի մասին:
Ինչո՞վ է առանձնանում Ժամանակակից երաժշտության փառատոնի անցկացումը Հայաստանում եւ ի՞նչ արդյունքներ եք գրանցել անցած տարիների ընթացքում։
Ժամանակակից երաժշտության փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է արդեն 17 տարի՝ 2010 թվականից։ Այն սկզբնապես ստեղծվել էր որպես Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն, և այս տարվանից մենք վերափոխել ենք փառատոնի ձևաչափը, այն դարձնելով Ժամանակակից երաժշտության փառատոն՝ մեր հայ կոմպոզիտորների հետ մի հարթակում ներկայացնելով նաև մեր ժամանակների այլազգի հայտնի կոմպոզիտորներին, ովքեր աշխարհում այսօր մեծ հռչակ ունեն։
Եթե խոսենք փառատոնի անցած 17 տարիների աշխատանքի մասին, ապա պետք է ընդգծել, որ փառատոնը երբեք պարզապես համերգների շարք չի եղել։ Այն մշտապես ունեցել է 3 կարևոր ռազմավարական ուղղություն՝ ստեղագործությունների թվայնացում, կենդանի կատարում (ձայնագրում, տեսագրում) և հայտնի միջազգային մեդիա հարթակներում թողարկում։ Այս գործընթացը շարունակական է և չի սահմանափակվում միայն փառատոնի անցկացման ժամանակահատվածում։
Վերջին 17 տարիներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հաջողվել է թվայնացնել ավելի քան 200 սիմֆոնիկ ստեղծագործություն՝ ստեղծելով արժեքավոր և գործնականում կիրառելի բազա, որից օգտվում է ոչ միայն մեր նվագախումբը, այլ նաև այն բոլոր նվագախմբերը, ովքեր ցանկանում են կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այս տարի ժամանակակից երաժշտության փառատոնը աննախադեպ է իր ծավալով․ այն կներառի 7 համերգ՝ 4 սիմֆոնիկ և 3 կամերային, ներկայացնելով ավելի քան 20 կոմպոզիտորի ստեղծագործություններ։
Ի՞նչ կասեք ներկայիս ժամանակակից կոմպոզիտորների մասին։
Մեր հասարակության մեջ ձևավորված է մտայնություն, թե ժամանակակից երաժշտությունը բարդ, «ծանր» և դժվար ընկալելի արվեստ է, որի հետ լայն լսարանը դժվար է առնչվում։ Սակայն, իրականում, ժամանակակից երաժշտությունը շատ բազմաշերտ և բազմազան երևույթ է։
Ես կփորձեի այն պայմանականորեն բաժանել մի քանի շերտի։ Առաջինը՝ 20-րդ դարի երկրորդ կեսի կոմպոզիտորական դպրոցն է՝ սկսած 1960-ականներից, որը պատմական առումով արդեն ձևավորված փուլ է, սակայն գեղարվեստական մտածողության տեսանկյունից շարունակում է ընկալվել որպես ժամանակակից։ Երկրորդ կարևոր շերտը մեր երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններն են, որոնք այսօր ձևավորում են վաղվա երաժշտական դիմագիծը։
Պետք է նաև հիշենք, որ ոչ վաղ անցյալում կոմպոզիտորները հաճախ հնարավորություն չեն ունեցել իրենց ստեղծագործությունները լսելու մինչև դրանց կենդանի կատարումը։ Տեխնիկական միջոցների սահմանափակության պատճառով շատերը առաջին անգամ իրենց ստեղխագործությունը լիարժեք հնչողությամբ լսել են նույնիսկ տասնամյակներ անց։ Այսօր իրավիճակը փոխվել է, սակայն կենդանի կատարումը շարունակում է ունենալ բացառիկ նշանակություն․ այն ոչ միայն ոգևորում է հեղինակին, այլև խթանում է նրա ստեղծագործական հետագա զարգացումը։
Այո՛, մենք իսկապես ունենք տաղանդավոր կոմպոզիտորների նոր սերունդ։ Կարող եմ նշել տասնյակից ավելի հեղինակների, որոնց ստեղծագործությունները որակական առումով չեն զիջում եվրոպական կոմպոզիտորական դպրոցին և լիովին մրցունակ են միջազգային հարթակներում։
Արդյո՞ք փառատոնն ունի պետական աջակցություն։
Փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ, և ուրախությամբ նշեմ, որ այս տարի նախաձեռնությանը միացել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ Համագործակցության արդյունքում մենք կարողանում ենք համատեղել մեր ջանքերը և նպաստել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակմանը։ Պետական աջակցությունը հիմնարար նշանակություն ունի նման նախաձեռնության համար և Ժամանակակակից երաժշտության փառատոնը ստեղծման օրվանից իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Այս տարի ունենք կարևոր նոր ձեռքբերում․ փառատոնին է միացել GTB Holdings ընկերությունը՝ որպես ռազմավարական գործընկեր։ Այս համագործակցության արդյունքում մենք կարողանում ենք փառատոնը տեղափոխել որակապես նոր մակարդակ և նպաստել հայ ժամանակակից երաժշտության ժառանգության պահպանմանը։ GTB Holdings-ի հետ համագործակցության արդյունքում առաջին անգամ սկսում ենք հայ կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործությունները ներկայացնել Universal Edition միջազգային հարթակում։ Այն մեր կոմպոզիտորների համար նոր հեռանկարներ բացող լուրջ և երկարաժամկետ նշանակություն ունեցող քայլ է, որը կապահովի նրանց ներկայությունը համաշխարհային երաժշտական միջավայրում։
Փառատոնի գործընկերներն են Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX), որի շնորհիվ մենք կարողանում ենք հասանելիություն ստանալ լեհ կոմպոզիտորների արվեստին։

Ինչո՞վ է առանձնանում Universal Edition հարթակը եւ ինչո՞վ է սա կարեւոր։
Իրականում մենք այսօր ունենք խոշոր չլուծված խնդիրներ մեր կոմպոզիտորական ժառանգության պահպանման և միջազգայնացման հարցում։ Ամենամեծ խնդիրը համակարգման բացակայությունն է։ Մեր կոմպոզիտորները կատարում են ահռելի աշխատանք, ստեղծում արժեքավոր գործեր, սակայն այդ ստեղծագործությունների զգալի մասը մնում է որևէ ձևով չբացահայտված։ Եթե մեր նպատակը հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է, ապա մենք պարտավոր ենք այն դուրս բերել Հայաստանի սահմաններից։ Միայն մեր երկրի ներսում կատարվելով՝ նույնիսկ բարձրակարգ կատարումներով, այդ ստեղծագործությունները չեն կարող ունենալ այն միջազգային արձագանքը, որին մենք ձգտում ենք։
Դեռ 20-րդ դարի սկզբին եղել են կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները ինչ-որ կերպ տպագրվել են տարբեր հրատարակչությունների կողմից, սակայն այսօր դրանք էլ առցանց հասանելի չեն։ Շատ կազմակերպություններ փակվել կամ միավորվել են, և արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ հրատարակչական հարթակներում հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգությունը ներկայացված չէ, այլ կերպ ասած ստեղծագործությունները չունեն իրենց «կադաստրային հաստատումը» և պրոֆեսիոնալ հասանելիությունը։ Այսինքն, արտերկրի նվագախմբերը, դիրիժորները և մենակատարները հաճախ պարզապես չեն կարողանում հասանելիություն ստանալ հայ ստեղծագործություններին։
Ընդհանրացված, այսպես ասած՝ խնդիրն այն է, որ կոմպոզիտորները ներկայացված կատալոգներում, կենսագրական և երաժշտագիտական նյութերում չկան, որոնք անհրաժեշտ են միջազգային մասնագիտական հանրության համար։ Այս նյութերն են հիմքը, որ հնարավորություն կտա ճանաչել կոմպոզիտորին ու ստեղծագործությունները և որոշել, որ դրանք անհրաժեշտ է կատարել՝ ապահովելով վերջիններիս պրոֆեսիոնալ մատչելիությունը։
Այս համատեքստում համագործակցությունը GTB Holdings ընկերության հետ մեզ հնարավորություն տվեց իրականացնել վաղուց ձևավորված կարևոր նպատակը՝ հայ կոմպոզիտորներին սկսել ներկայացնել հեղինակավոր միջազգային հրատարակչական հարթակում։
Universal Edition-ն աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական հրատարակչություններից մեկն է։ Այն իր կատալոգում ներառում է 20-րդ և 21-րդ դարերի հարյուրավոր խոշորագույն հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Մալերի, Շտրաուսի, Արվո Պյարտի և մեր ժամանակների բազմաթիվ առաջատար կոմպոզիտորների։
Մեր համագործակցության արդյունքում Universal Edition-ը սկսում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկումը իր կատալոգում՝ ստեղծելով նրանց մասնագիտական էջերը, ներկայացնելով կենսագրական տվյալներ, ստեղծագործությունների ցանկ, նոտային նյութեր, ձայնագրություններ, ստեղծագործությունների մասերի և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
Շատ ուրախ եմ, որ GTB Holdings-ը կանգնած է մեր փառատոնի կողքին՝ ի նպաստ հայ կոմպոզիտորական ժառանգության պահպանմանը։ Այսօր մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնք նպաստում և աջակցում են սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը և բարձր արվեստին, բայց նրանց թվում շատ քչերն են, որոնք իսկապես հասկանում են հայ կոմպոզիտորների և մեր կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման կարևորությունը։ Չնայած այս աշխատանքը միշտ չէ, որ լայնորեն ճանաչված կամ պոպուլյար է՝ լինելով ժանրային առումով յուրահատուկ և ինտելեկտուալ մակարդակում ոչ հասարակ, այն ունի անգնահատելի նշանակություն։
Իհարկե, մեր փառատոնի հանրահռչակման գործում բիզնեսի հետ այսպիսի ռազմավարական համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ այն բերում է մեզ նոր ունկնդիր և հնարավորություն տալիս մեր կոմպոզիտորական արվեստը ներկայացնել և՛ տեղական լսարանի համար, եւ՛ միջազգային հարթակներում։
Ի՞նչ կասեք այս տարի անցկացվող փառատոնի մասին:
Իրականում մեզ սպասվում է հիանալի փառատոն՝ հաշվի առնելով ծրագրերը, որոնք այս տարի նախատեսված են ներկայացնելու։ Մենք իրականացրել ենք Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան, որի կատարման համար Հայաստան ժամանեց աշխարհի լավագույն թավջութակահարներից մեկը՝ Մարիո Բրունելլոն, ով նաև մեր նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է։
Մենք իրականացնում ենք Ստեփան Էլմասի (չճանաչված, բայց շատ հետաքրքիր կոմպոզիտորի) Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան, և իհարկե, կնշեմ փառատոնի բացման համերգին Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանի կատարմամբ։
Այս տարի լրանում է Ջոն Տեր-Թադևոսյանի՝ մեր մեծ սիմֆոնիստի 100-ամյակը, և այդ առիթով փառատոնի բացման համերգին ներկայացվեց նրա մեծակտավ Չորրորդ սիմֆոնիան, որը կարծում եմ, ավելի քան 50 տարի չէր հնչել։
Փառատոնի շրջանակում կազմակերպում ենք նաև կամերային համերգներ։ Մարիո Բրունելլոն հանդես եկավ իր «Բախ-Վայնբերգ» յուրօրինակ համերգային ծրագրով, որը մեծ հաջողությամբ անցկացվեց Խաչատրյանի տուն-թանգարանում։ Ի դեպ, Մարիո Բրունելլոն նաև վարպետության դասերով հանդես եկավ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, ինչը շատ կարևոր է նրանց հետագա զարգացման համար։
Երկու համերգով հանդես կգա Միրզոյանի անվան լարային քառյակը։ Առանձին համերգով կներկայացնենք «Լեհական երաժշտության երեկո»՝ ամրապնդելով փառատոնի համար կարևոր հայ-լեհական մշակութային կապերը։ Լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին մեծ կապեր ուներ Հայաստանի և մեր նվագախմբի հետ և իհարկե համերգային ծրագրում կհնչեն ինչպես նրա, այնպես էլ Լուտոսլավսկիի և այլ ազգությամբ լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ։



























